Պատասխանատվության ողջ բեռը՝ Քոչարյանի ուսերին

«ճիշտն ասած, ես չէի ցանկանա մեկնաբանել Արամի ասածները, որովհետև ես էլ եմ ՀԱԿ- ի անդամ, Արամն էլ է՝ Մանուկյան ՀԱԿ-ի անդամ: Այդ թեմայով ես կարող եմ իրա հետ խոսեմ առանձին, բայց մեկնաբանություն մամուլին չեմ կարող տալ»,- անդրադառնալով ՀԱԿ անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե Մարտի 1-ի կազմակերպման հետեւում քաղաքական ուժ կանգնած չի եղել, galatv.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հարցին, թե որ քաղաքական ուժն էր կանգնած Մարտի 1-ի կազմակերպման հետևում, Արամ Մանուկյանը պատասխանել էր.«Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ինչ քաղաքական ուժ, լավ էլի»:

«Ես կոնկրետ Մարտի 1-ի կազմակերպիչ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Մենք պատրաստ ենք ցանկացած ուժի հետ համագործակցել, ով այսօր մեր պես մտածում է, որ Հայաստանը այլընտրանք չունի, և Հայաստանում պետք է անցկացվեն, իրոք, արդար, թափանցիկ ընտրություններ: Ո՞ւմ կընտրի հայ ժողովուրդը, թող նա էլ լինի նախագահ»,- նշել է Գուրգեն Եղիազարյանը:

ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը լիովին համակարծիք է Արամ Մանուկյանի արած հայտարարության եւ հնչեցրած կարծիքի հետ: Այդ մասին galatv.am-ի լրագրողի հետ զրույցում նշել է ինքը` Զոյա Թադեւոսյանը: «Ես կիսում եմ այդ կարծիքը, 100 տոկոսով, որովհետեւ նախագահը երկրի նա էր եւ նա էր պարտավոր երկրի քաղաքացիներին հեռու պահել նման արյունահեղությունից: Մենք սպասում էին, որ մեկ շաբաթ տեւող ցույցերը կարող էին ցրել, բայց երբ որ հերթը հասավ մարդկանց մահվան հասցնելուն, դա անակընկալ էր, եւ մեղավորը միայն ու միայն երկրի նախագահն էր, դրա պատասխանատուն: Ես այդ էջը փակված չեմ համարում եւ կգա ժամանակը, երբ ամեն ինչ կբացահայտվի եւ այն, թե որ քաղաքական ուժը, որքան է մասնակցել այդ արյունահեղությանը: Դրա գնահատականը կտա ժողովուրդը»,- նշել է ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս