Բաժիններ՝

Հայ և վրացի երիտասարդ երաժիշտները`Հայաստան-Վրաստան մշակութային կապերի շրջանակներում

Նոյեմբերի 6-ին և 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու «Պատանի տաղանդների միջազգային փառատոն-մրցույթը»: Մրցույթի կարգախոսն է` «Դուք մեր հպարտությունն եք»:

«Վրաստանի հետ համատեղ որոշեցինք՝ Երևանում, այնուհետև՝ Թիֆլիսում կազմակերպել մրցույթ-փառատոն` ընտրելու և միջազգային մրցույթների ուղարկելու մեր երիտասարդ երգիչներին, պարողներին և երաժիշտներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան-Վրաստան մշակութային կապերի ընկերության» նախագահ Էդուարդ Եդիկիսելյովը:

Նա նշեց, որ հայ երեխաներն արդեն մի քանի երկրներից մրցույթներին մասնակցելու հրավերներ են ստացել. «Մեզ արդեն հրավիրել են Մոսկվայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Իսրայելից, Ստամբուլից: Ընդամենը երկու տարի է, ինչ ուղարկում ենք մեր երեխաներին, և նրանք բոլորը մրցույթներից մրցանակներով են վերադարձել»:

Ասուլիսին ներկա «Մանկական փառատոնային հիմնադրամի» տնօրեն Սուսաննա Զորանյանն, իր հերթին, ասաց, որ մրցույթի նպատակն արդեն հայտնաբերված տաղանդներից ամենաուժեղներին ընտրելն ու միջազգային մրցույթներին ուղարկելն է: Վերջինս նշեց, որ ժյուրիի անդամներն են լինելու Նինո Կատամաձեն` Վրաստանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Էլվիրա Ուզունյանը` Հայաստանի ժողովրդական արտիստուհի, Գեղամ Գրիգորյանը, Նիկոլայ Մադոյանը` Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, հռչակավոր ջութակահար, Արթուր Հակոբյանը` էստրադային երգիչ, Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը և Վրաստանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Բաադուր Սամադաշվիլին:

11-ամյա Անի Բոստանջյանը, ով սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, պատրաստվում է վաղը ելույթ ունենալ փառատոն-մրցույթին: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ նվագելու է Շոպենի «Минутный вальс»-ը և Արամ Խաչատրյանի «Սոնատինայի» 2-րդ և 3-րդ մասերը. «Դասարանական համերգին ինձ մոտեցավ այս մրցույթի կազմակերպիչը և ասաց, որ իմ նվագելը հավանել է, և տեղեկացրեց փառատոնի մասին:  Մեկ շաբաթ առաջ ինձ զանգահարեցին և հիշեցրեցին մրցույթի մասին: Ասեմ, որ արդեն երկու անգամ հասցրել եմ մասնակցել Իտալիայում կայացած միջազգային մրցույթի` զբաղեցնելով, համապատասխանաբար, առաջին և երկրորդ տեղերը»:

Նշենք, որ մրցույթին մասնակցող երեխաների ընդհանուր թիվը 60 է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս