Օսկանյանը դարձյալ ցուցմունք չի տվել
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրաժարվել է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ցուցմունքներ տալ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:
Այս անգամ ԱԱԾ-ի աշխատակիցներին հետաքրքրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նոյեմբերի 2-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած պնդումը, թե Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ հետապնդումը սկսվել է դեռևս 2009 թվականից:
Հիմնադրամն իր այս վարկածն ապացուցող մի քանի օրինակներ էր մատնանշել հայտարարել մեջ: Սակայն ԱԱԾ-ն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հետաքրքրվել է հատկապես մեկով, ըստ որի 2009 թվականին Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առևտրային բանկերից մեկի խորհրդի անդամ, սակայն բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպել են Օսկանյանի հանել խորհրդի անդամությունից: Օսկանյանի փաստաբանը պնդում է, որ այս հարցում եղել է երկրի բարձրագույն ղեկավարության միջամտությունը:
«ԱԱԾ-ն փորձեց հարցաքննել, պարոն Օսկանյանը ցուցմունք չտվեց այդ կապակցությամբ», – ասել է Աթանեսյանը:
Դուրս գալով ԱԱԾ-ից` նախկին արտգործնախարարը կրկին պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ասաց` չի ընդունում դրանք:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե «Բարգավաճ Հայաստանը» որոշի պաշտպանել Սերժ Սարգսյանին եւ առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցի, ինչի ջատագովը ինքը` Օսկանյանն է, ի՞նչ քայլեր կձեռնարկի, արդյոք կլքի՞ ԲՀԿ-ն, Օսկանյանը պատասխանել է. «Սպասենք ԲՀԿ-ի որոշմանը: Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունը կկայացնի իր որոշումը, եւ որոշումը կայացնելուց հետո մենք միասնական ջանքերով կշարունակենք մեր պայքարը, և ԲՀԿ-ն անկասկած իր մեծ ներդրումը կունենա այս ամենի մեջ: Շատ ժամանակ չի մնացել, սպասեք, շատ շուտով դրա պատասխանը կլինի»:
ԱԱԾ-ում Օսկանյանին այսօր նաեւ տեղեկացրել են, որ կսկսեն ստուգել իր բանկային հաշվեհամարները: