Լևոն Տեր-Պետրոսյանին` որպես մեր լիբերալիզմի պապ, ես փառաբանել եմ. Դավիթ Հակոբյան
Նման հայտարարություններին այս կամ այն անձի կողմից մենք ռեակցիա չենք տալիս, որովհետև կանգնած ենք գիտական վերլուծությունների սանդղակին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարքսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե` քաղաքական ուժերը պետք է վերլուծեն քաղաքական իրավիճակը, որից հետո առաջադրեն իրենց թեկնածուներին: «Ավելորդ շտապողականությունը տեղին չէ: Տեսեք, թե ով է հապշտապ հայտարարել թեկնածու առաջադրելու մասին՝ ամենաթույլերը: 3-4 թեկնածուներ, իրենց թուլությանը համապատասխան»,- այսօրվա ասուլիսում ասել էր Արամ Մանուկյանը:
«Նախ` ես պաշտոնապես դեռ չեմ առաջադրվել: Երբ օֆիցիալ կառաջադրվեմ, իրադրությունը կթելադրի ժամանակի կամքը: Ասեկոսեները կամ թռուցիկ այլ հայտարարությունները ցածր հարթակի արտահայություններ են: Ես Արամ Մանուկյանի առաջնորդին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, փառաբանել եմ, բարձր բարոյական, ասպետական կեցվածք եմ դրսևորել նրա նկատմամբ, որպես մեր լիբերալիզմի պապն ու նույնիսկ ասել եմ, որ եթե բոլոր ուժերը միավորվեն, Լևոնը պետք է լինի նրանց բոլորի գլխավոր կոորդինատորը: Եվ ռեակցիա տալ նման տեսակետներին, կարծում եմ, կարիք չկա»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Նա իր պաշտոնական առաջադրման մասին կհայտնի կուսակցության համագումարի ժամանակ՝ նոյեմբերի վերջին: «Երբ լինի օֆիցիալ առաջադրումը մենք կհայտնենք, թե ինչո՞ւ ենք առաջադրվում, ինչի՞ հրամայականով, ի՞նչ առաքելությամբ ենք առաջադրվում: Եթե առաջադրվեմ` կառաջադրվեմ համաժողովրդական առաջադրմամբ իմ ծննդավայրից»,- հավելեց Դ. Հակոբյանը: