Հայոց այբուբենի գաղտնագրման գաղտնիքը
Արծվի Ալեքսանյանը մասնագիտությամբ գեոֆիզիկ է: Նախ գերազանց գնահատականներով ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, սակայն շուտով հասկացել է, որ ֆիզիկան իրեն չի բավարարում, դուրս է եկել, ծառայել է բանակում, իսկ հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանական ֆալկուլտետի գեոֆիզիկայի բաժին:
Ունի հետաքրքրությունների լայն շրջանակ: Արծվի Ալեքսանյանը շուրջ 40 տարի ուսումնասիրել է այբուբենը և եկել այն եզրակացության, որ հայոց այբուբենը ոչ միայն ազգային, այլև համամարդկային նախաայբուբենն է (պրոտոայբուբեն): Այնտեղ հայտնաբերել է մաթեմատիկական օրինաչափություններ, որոնք չկան և ոչ մի ուրիշ այբուբենում: Հենց սա էլ, ըստ Ա. Ալեքսանյանի` ամենահամոզիչ ապացույցն է այն բանի, որ Հայոց այբուբենը ստեղծվել է ոչ թե 406թ.-ին, այլ շատ ավելի վաղ, անհիշելի ժամանակներից: Նախապատմական ժամանակներից:
Այդ օրինաչափություններն արտահայտվում են բազմաթիվ գծագրերով և բանաձևերով: Այդ տարիների ընթացքում Ա. Ալեքսանյանը բացահայտել է Հայոց այբուբենում գտնվող գաղտնագրման բազմաթիվ մեթոդներ:
«Դա անհավանական է թվում, սակայն այդ ամենն ունեն անհերքելի մաթեմատիկական ապացույցներ: Ես դա կարող եմ ապացուցել: Այբուբենի գաղտնագրման մեթոդները բազմատեսակ են և շատ հետաքրքիր: Պարզվում է, որ դա մի ամբողջական սիստեմ է, որտեղ անմիջական կապ կա նրանց ձևի, քանակի և տառերի հերթականության միջև: Եվ մեծ համբերություն էր պետք` շտապ եզրակացություններ չանելու, անմիջապես ենթադրություններ չանելու և այդ ամենը ստուգելու համար:
Քանի որ մի ապացույցը դեռ բավարար չէի համարում, ինձ մի քանի ապացույցներ էին անհրաժեշտ: Օրինակ, ինչո՞ւ պետք է հայերեն «ր» տառով բառեր չսկսվեն, մինչդեռ այլ լեզուներով նման բազմաթիվ բառեր կան, իսկ «ր»-ով սկսվող բառերը արտաբերելը մեզ համար խնդիր չէ: Ասես մի ինչ-որ ձեռք վերցրել և ջնջել է «ր» տառով սկսվող ողջ բառաշարքը: Մինչդեռ հետաքրքիրն այն է, որ երբ «ր»-ից առաջ դնում ենք բոլոր ձայնավորները, դրանք իմաստ են ստանում` օր, իր, ուր և այլն, որոնք պատասխանում են` որտեղ, ինչ և այլ իմացաբանական հարցերի: Այդ ամենը գուցե առաջին հայացքից մանրուք է թվում, բայց այդ մանրուքն ինձ մեծ բան է ցույց տվել»,- ասաց Արծվի Ալեքսանյանը: Հայոց այբուբենի կառուցվածքը, ըստ Ա. Ալեքսանյանի, պատահական չէ:
«Եթե եռանկյան մեջ շարում ենք այբուբենի 36 տառերը, ապա եռանկյան գագաթներում ստանում ենք ԱՍՔ տառերը, որը հենց ասելիք, ասք բառն է, որը ռուսերենում դառնում է րՍՈ-րՍՈջՍՈ»,- ներկայացրեց Ա. Ալեքսանյանը` ավելացնելով, որ մաշտոցյան այբուբենը մաթեմատիկական մատրիցա է ոչ միայն խոսակցական լեզվի համար, այլ նաև ունիվերսալ կոդ է բոլոր տեսակի հաղորդակցությունների համար:
Ա. Ալեքսանյանը գիտակցում է, որ շատերին այս ամենը կարող է տարօրինակ և անհավանական թվալ, սակայն այդ եզրահանգումներին նա հասել է տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
«Ես ուսումնասիրել եմ պատմությանը հայտնի ինֆորմացիայի հին արմատները (սանկրիպտ և այլն), որտեղ բոլորը միախառնում են և հնաբանությունը, և մարդաբանությունը, և լեզուն, և մաթեմատիկան, և քիմիան, ամեն ինչ կարծես այդ ամբողջական տեղեկատվության մի մասնիկն է, ու լրացնում են մեկը մյուսին: Սակայն մի բան ես վստահ կարող եմ և պատրաստ եմ ապացուցել, որ բոլոր այբուբենները ծնվել են հայերենի այբուբենից, և սա ասում եմ ոչ թե զուտ ազգայնասիրական տեսանկյունից ելնելով»,- ասաց Ա. Ալեքսանյանը: Վերջինիս համոզմամբ` ոչ միայն կարևոր է տառերի ձևը, այլև դրանց հերթականությունը, քանակը պատահական չեն և հատուկ նշանակություն ունեն: «Հայերեն այբուբենում այդ ամենը կատարյալ է ներկայացված: Ոչ մի այբուբեն չունի մեր այբուբենի մեջ եղած օրինաչափությունների անգամ մեկ տոկոսը, այսինքն` նրանք, ի տարբերություն մեր այբուբենի, մաթեմատիկական սիստեմ չեն, մաթեմատիկական ալգորիթմ:
Մինչդեռ տառերի տակ գաղտնագրված ինֆորմացիան կարդալու համար նախ պետք է ճիշտ գտնես ձևը, այսինքն` տառի ձևը կապես մեր ենթագիտակցությանը ծանոթ այլ ֆիզիկական պարամետրերի հետ: Տառերի տակ գտնվող ինֆորմացիան վեր հանելու դեպքում մենք հսկայական տեղեկատվություն կունենանք»,- ասաց Ա. Ալեքսանյանը:
Ըստ Ա. Ալեքսանյանի` աշխարհում դեռևս որևէ լեզվաբան չի ասել, որ տառերի հերթականությունը պետք է դիտել որպես մաթեմատիկական շարք, ավելի ճիշտ` ֆիզիկա-մաթեմատիկական շարք: Սակայն ինքը այբուբենը դիտարկում է հենց այդպես: Օրինակ, խմբավորելով արտասանությամբ միմյանց մոտ գտնվող տառերը, օրինակ` ԲՊՓ, ԳԿՔ և այլն, Ա. Ալեքսանյանը Հայոց այբուբենից ստացել է 5 եռանկյունի:
Մինչդեռ, օրինակ` ռուսերեն լեզվի մեջ նման երեք տառանոց խմբեր գոյություն չունեն:
«Մեր այբուբենը, ի տարբերություն մյուս լեզուների, կատարյալ սիստեմ է: Մեր այբուբենը համամարդկային գանձ է, և ես հիանում եմ դրանով: Հայոց այբուբենում մենք կարող ենք գտնել արդի շատ կարևոր և կիրառական ինֆորմացիաներ: Օրինակ` այբուբենի ալգորիթմով կարելի է ստեղծել ավելի հզոր համակարգիչներ, քան ներկայիս համակարգիչներն են: Այսպիսով` մաթեմատիկական ճշգրտությամբ կարելի է ապացուցել, որ հայերենի այբուբենից են ծնվել մյուս բոլոր այբուբենները, և խոսքը ոչ միայն տարբեր լեզուներին է վերաբերում, այլև հաղորդակցության բոլոր ձևերին, օրինակ` երաժշտական լեզվին, մաթեմատիկական լեզվին կամ, ասենք, ձկների լեզվին: Ավելի քան 40 տարի` ես ուսումնասիրել եմ և պարզել մաթեմատիկական ճշգրտության և տառերի քանակը, ձևը և դրանց հերթականությունը: Այդ բոլորի համար համընդհանուր սիստեմ եմ գտել»,- ասաց մեր զրուցակից:
«Տրամաբանական վերլուծության ենթարկելով մյուս լեզուների այբուբենը, պատրաստ եմ ցանկացած ընդդիմախոսների «քար ծակող» փաստարկներով ապացուցել, որ բոլոր այբուբենները ծնվել են հայոց այբուբենից: Բացի դրանից, դրանք Հայոց այբուբենի կիսահասկացված, թերի ձևերն են: գԵս այբուբենի մեջ գտա նոտաները, նոտաների թվային մաթեմատիկական արժեքը, որոնք հայտաբերվել են ընդամենը վերջերս: Ցանկացած նոտա կոտորակ է, և այդ կոտորակների արժեքը նույնպես դրված է մեր այբուբենի մեջ: Ես կենսաբան չեմ, սակայն ինձ թվում է, որ Հայոց այբուբենում կա նաև մարդու գենետիկ կոդի գաղտնիքը, ես հիմքեր ունեմ այդպես մտածելու»,- ասում է Ա. Ալեքսանյանը:
Ա. Ալեքսանյանը համոզված է, որ «մեր այբուբենը ոչ միայն մեր ազգի, այլև համամարդկային և համաշխարհային գանձ է, մեր այբուբենը մեր գերհզոր նախնիների, հայրերի կոդավորված փոխանցումն է մեզ, այբուբենի տակ գտնվող գանձից, ցանկալի է, որ առաջինը օգտվի մեր ազգը»: