Բաժիններ՝

Պետք է բացել անգրագիտության վերացման նախարարություն

«Հայաստանում Կրթության նախարարությանը կից պետք է բացել անգրագիտության վերացման նախարարություն: Վերջերս տպագրվում են պատմական գրքեր, որոնց մեջ բազմաթիվ անճշտություններ կան և խայտառակում են հայ ժողովրդին, հայոց պատմությունը: Դրանք մեծ տպաքանակով տարածվում են աշխարհով մեկ, ինչն անթույլատրելի է: Մարդ չգիտի` ինչպե՞ս պայքարել այս անգետների դեմ»,-168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության Աղբյուրագրության և խմբագրության բաժնի վարիչ, հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:

Բանն այն է, որ 2010թ. երկու ծավալուն հատորներով Հայադարան է հրատարակվել, որի երկրորդ հատորը բազում անթույլատրելի անճշտություններ է պարունակում. «Այդպիսի աղավաղված գիր ու գրականություն ես չեմ տեսել: Այնպիսի անգրագիտություն է, որ Արտաշատ մայրաքաղաքը մի տեղ նշել են, թե որտեղ է, մյուս տեղում էլ գրել են, թե այսօրվա Արտաշատ մարզկենտրոնն Արտաշատ մայրաքաղաքն է:

Այս բաները նույնիսկ երկրորդ դասարանի երեխան ճշտությամբ գիտի, բայց արի ու տես, որ անգրագետ-անգրագետ տեղեկություններ են հրատարակում և սփռում են աշխարհով մեկ: Կամ գրել են՝ Դվին մայրաքաղաքի հետքերը համարյա չկան, իսկ դրա տեղում գյուղեր են կառուցված: Արմավիր մայրաքաղաքը խառնել են Ռուսաստանի Արմավիրի հետ: Սա ուղղակի խայտառակություն է»,- ասում է Ա. Այվազյանը՝ հավելելով, որ այդ Հայադարանի ներածական խոսքում էլ զետեղված են ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և նախարարների ողջույնի խոսքերնը՝ իրենց լուսանկարներով հանդերձ:

Միտումնավոր տարածվում են անճշտություններ

Կարդացեք նաև

Տարիներ առաջ Եղեգնաձորի Եղեգիս հնավայրում գտել են հրեական փոքրիկ մի գերեզմանատուն, որն ընդամենը 80 տարվա կյանք է ունեցել: Հայաստանից և Երուսաղեմից եկած մասնագետների կողմից համատեղ պեղումներ են կատարվել: «Առաջին հայացքից՝ մանրուք է թվում, բայց պարտավոր էին վահանակում արձանագրել պեղումները կատարող արշավախմբի՝ Հայաստանի և Երուսաղեմի ղեկավարների անունները: Մինչդեռ վահանակում զետեղված է միայն Երուսաղեմի արշավախմբի ղեկավարի անունը: Դրանից բացի, վահանակում նշված է, թե իբր Եղեգիսի հնավայրում պեղած գերեզմանատունը Հայաստանում միակն է:

Շատ նրբորեն աղավաղվում են փաստերը, որոնք քաղաքական տեսակետից հարվածում են մեր պատմությանն ու մշակույթին: Մեր մշակույթի, հայագիտության շատ պաշտոնյաներ իրենց տեղում չեն, նրանք մեր մշակույթի, հայագիտության թշնամիներն են, որոնք թույլ են տալիս նմանատիպ աղավաղումներ, միտումնավոր տարածում են կոպիտ անճշտություններ: Ընդ որում, ոչ ոք չի բարձրացնում այն հարցը, թե ինչո՞ւ են նման բաներ արվում»,- հայտարարում է  ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության Աղբյուրագրության և խմբագրության բաժնի վարիչ, հայագետ, նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս