Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր և դաշնակահար Մարցին Մալինովսկու և հայկական «Con Alma» ջազ բենդի համատեղ ելույթը
Վաղը՝ նոյեմբերի 4-ին Երևանի «The Club» ակումբում տեղի կունենա աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դաշնակահար Մարցին Մալինովսկու և հայկական ժամանակակից լավագույն ջազ-բենդերից մեկի՝ «Con Alma»-ի համատեղ ելույթը։
Ծրագրում ընդգրկված են ինչպես Մալինովսկու ստեղծագործությունները, այնպես էլ Con Alma–ի ստեղծագործություններն նրա մեկնաբանությամբ։
Con Alma–ն հայկական ակումբային երաժշտության ամենասիրված ու սպասված խմբերից մեկն է։ Այն ստեղծվել է 2010 թ. հայտնի շեփորահար Երվանդ Մարգարյանի և վոկալիստ ու դաշնակահար Նառա Առաքելյանի կողմից, որոնք մինչ այդ հանդես էին գալիս իբրև մենակատարներ և համագործակցել են այնպիսի ժամանակակից լեգենդների հետ, ինչպիսիք են՝ Միշել Լեգրանը (Ֆրանսիա), Իգոր Բուտմանը (Ռուսաստան), Չարլզ Դեվիսը (ԱՄՆ), Զիադ Ռահբանին (Լիբանան), Ալբերտ Առաքելը (Իրան) և այլոք։
Խմբում հանդես են գալիս նաև տաղանդաշատ երաժիշտներ Մարատ Հակոբյանը (սաքսաֆոն), Գուրգեն Ղազարյանը (բաս կիթառ), Լևոն Ավետիսյանը (Precussion) և Արմեն Ավետիսյանը (թմբկահար)։
Խմբի ստեղնահար և ոկալիստ Նառա Առաքելյանի խոսքերով՝ թեև Հայաստանյան համատեղ համերգը վաղուց էր ծրագրված, բայց համերգի օրվա նշանակումը անակնկալ է եղել։ Սակայն չնայած սեղմ ժամկետներին իրենք Մարցին Մալինովսկու հետ միասին կարողացել են ֆանտաստիկ ծրագիր կազմել և վստահ են, որ հայ հանդիսատեսը համերգից կհեռանա խիստ տպավորված։
Մալինովսկին արդեն խիստ տպավորված է հայ ջազմեններով ու ընդհանրապես հայկական երաժշտությամբ և որոշել է ավելի լրջորեն ուսումնասիրել հայկական մշակույթը։
Համագործակցության հետագա պլանների մասին խոսելով՝ Նառա Առաքելյանն ասաց, որ առաջիկայում արդեն պլանավորված են համատեղ ձայնագրություններ ու Հայաստանում մշակած ծրագրով համատեղ համերգ նաև Լեհաստանում։