Բաժիններ՝

«Եթե չեն համարձակվում զանգել, թող գրավոր ներկայացնեն իրենց խնդիրները». Սուրեն Խաչատրյան

Այդ ո՞վ է զանգում իմ հեռախոսին, որ չեմ պատասխանում։ Բոլորի համար հասանելի եմ, այսքան ժամանակ եղե՞լ է՝ մեկն ինձ զանգի վոլեյբոլի հարցերով եւ ես իրենց չպատասխանեմ։ Թող վոլեյբոլով անհանգստացողները ինձ զանգեն, ես իրենց բոլոր հարցերին կպատասխանեմ։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Սյունիքի մարզպետն անդրադարձավ NEWS.am Sport-ի՝ «ՀՎՖ փոխնախագահ. Վոլեյբոլի ֆեդերացիայում համախմբվածություն չկա, նախագահն աշխատում է միայն ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ» հրապարակման մեջ տեղ գտած կարծիքին:

– Պարոն Խաչատրյան, տեղյակ ենք Ձեր զբաղվածության մասին, բայց  դուք ղեկավարում եք մարզական ֆեդերացիա և այնտեղ էլ կան հարցեր, որոնք ձեր պատասխանի կարիքն ունեն։

– Ֆեդերացիան ունի գլխավոր քարտուղար՝ Ռազմիկ Սուլթանյանը, և նա էլ զբաղվում է ֆեդերացիայի բոլոր հարցերով։ Ես ձեզ կտամ նրա հեռախոսահամարը և բոլոր հարցերով կարող եք դիմել նրան։

– Նախքան Ռազմիկ Սուլթանյանի հետ խոսելը, պարոն Խաչատրյան, Ձեզ հետ կապված հարցեր կան։ Ֆեդերացիայի նախագահության անդամները դժգոհում են, որ չեն կարողանում անձամբ կապ հաստատել նախագահի հետ ձեր զբաղվածության պատճառով։ Ժամանակ չեք գտնո՞ւմ ֆեդերացիայի նախագահության անդամների հետ հանդիպել, հարցեր քննարկել։ 

Կարդացեք նաև

– Բա ինչպես է, որ քեզ համար ժամանակ եմ գտել ու պատասխանում եմ հարցերիդ։ Այդ ինչպե՞ս է ստացվում` քեզ համար հասանելի եմ, իսկ ֆեդերացիայի անդամների համար՝ ոչ։ Այդ ո՞վ է զանգում իմ հեռախոսին, որ չեմ պատասխանում։

– Գուցե չե՞ն համարձակվում զանգել՝ իմանալով, որ անպատասխան են մնալու։

– Եթե չեն համարձակվում զանգել, թող գրավոր գրեն իրենց խնդիրները։ Ֆեդերացիայի հետ կապված բոլոր հարցերին ես կպատասխանեմ, եթե պետք է՝ ինքս կզանգեմ, չեմ զլանա։ Ես ոչ ոքի համար անհասանելի չեմ։

– Պարոն Խաչատրյան, արդեն շուրջ երկու տարի Դուք Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահն եք։ Ի՞նչ արդյունքի եք հասել այս երկու տարում։

– Ֆեդերացիայի աշխատանքները բավականին բարձր մակարդակի վրա են։ Այս երկու տարվա մեջ ֆեդերացիայի աշխատանքներում մեծ առաջընթաց է նկատվում: Զանգե՛ք Ռազմիկ Սուլթանյանին և նա թվերով, գումարներով մանրամասն կներկայացնի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս