
«15 զինվորներից միայն մեկի առողջական վիճակն է ամենածանրը»

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ պատկանող բեռնատարի ձորը գլորվելու հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ է ուղեգրվել 15 հիվանդ: Հիվանդները տեղափոխվել են 3 փուլով: Տեղափոխումը սկսվել է երեկվանից, ավարտվել քիչ առաջ:
Այդ մասին, ըստ «Փաստինֆոյի»` այսօր ճեպազրույցում ասել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Արման Հակոբյանը:
Հիվանդների մոտ առկա են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բոլորի մոտ գերակշռում է գանգուղեղային տրավման, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Արման Հակոբյանի խոսքով՝ ամենածանրը գնահատվում է կրտսեր սերժանտ Արթուր Եղիազարյանի վիճակը, նրա մոտ առկա է կրծքային վեցերորդ ողի կոտրվածք, կատարվել է կոտրված ողի վերականգնման վիրահատություն:
«Այս պահի դրությամբ ուղեգրված 15 հիվանդից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, Վարդենիսում հիվանդներ չկան»,- վստահեցրել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետը:
Ինչպես տեղեկացրել էին ԼՂՀ ՊԲ-ից, նախնական վարկածով ՀՀ ԶՈՒ պատկանող բեռնատարին հանդիպակաց մեքենա է եկել, որը լույսը գցել է վարորդի աչքերին, վարորդն էլ փորձել է լայն շրջանցում կատարել, ինչի հետևանքով մեքենան գլորվել է Քարվաճառի Հարուրի կոչվող ձորը: