«Գործ ունենք բացահայտ ստի հետ»
Լիլիկ Ստեփանյանը մեկնաբանում է Մանկավարժական ինստիտուտի հայտարարությունը
«Սիվիլիթաս» հիմնադրամի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, բացարձակ սուտ է և կեղծիք: Այս մասին ասված է Մանկավարժական համալսարանի տարածած հայտարարության մեջ, որտեղ անդրադարձ է կատարվել «Սիվիլիթասի» հայտարարությանը, ըստ որի՝ հետապնդումներ են իրականացվում հիմնադրամի շարքային աշխատակիցների նկատմամբ: Ըստ «Սիվիլիթասի»` այդ շրջանակներում պետական մանկավարժական համալսարանը նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել հիմնադրամի աշխատակցի՝ Լիլիկ Ստեփանյանի հետ, ով այդ բուհում հեռուստալրագրության դասընթացներ էր վարում:
Մանկավարժական համալսարանի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է. «Մանկավարժական համալսարանը բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիկ Ստեփանյանի հետ համագործակցությունը միշտ բարձր է գնահատել, և համալսարանում նրա ժամանակավոր չաշխատելու հանգամանքը պայմանավորված է եղել դասաժամերի սակավությամբ: Ստեփանյանի ղեկավարած կուրսը 2010-2011 ուսումնական տարում ավարտել է համալսարանը: Առաջին կիսամյակի դասաբաշխումը համալսարանում կատարվում է օգոստոս ամսին, իսկ, ինչպես հայտնի է, օգոստոսին դեռ «Սիվիլիթաս» հիմնադրամը առանձնապես մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում հանրության համար:
Ի դեպ, բուհի ղեկավարությունը միայն հայտարարությունից հետո է պարզել, որ Լիլիկ Ստեփանյանն ինչ-որ կերպ կապված է այդ հիմնադրամի հետ: Տեղեկացնենք, որ Լիլիկ Ստեփանյանը դեռ սեպտեմբերին տեղեկացված է եղել, որ իր հետ պայմանագիր չի կնքվում դասաժամերի քանակի պատճառով, բայց նաև նրան խոստացվել է խնդիրը լուծել նոյեմբեր ամսին: Նոյեմբեր ամսից Լիլիկ Ստեփանյանը մանկավարժական գործունեությունը շարունակում է համալսարանում: Իսկ «Սիվիլիթասի» հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է այդ կազմակերպության՝ ամեն ինչ քաղաքականացնելու նպատակների մասին»:
168.am-ը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստատեսության խմբագիր, Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ հեռուստալրագրության դասախոս (ս/թ սեպտեմբերի 11-ից) Լիլիկ Ստեփանյանին:
«Երբեք չեմ սիրել աղմուկ, հատկապես՝ իմ անվան շուրջ, բայց ստիպված եմ պատասխանել, մանավանդ, որ գործ ունենք բացահայտ ստի հետ: Երբ օգոստոսի 31-ին իմացա, որ այս ուսումնական տարում ինձ ոչ միայն կուրս, այլև որևէ դասաժամ չեն տվել, որոշեցի նախ խոսել ՀՊՄՀ ռեկտորի հետ: Նրա միջամտությունից հետո Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Արմեն Ամիրյանն ինձ խոստացավ կես դրույք` 2013թ. փետրվարից:
Այսօր, «Սիվիլիթասի» տարածած հայտարարությունից հետո, ինձ զանգահարում է Կուլտուրայի ֆակուլտետի դեկանն ու ասում, որ ուզում են ինձ կուրս տալ, որ ես վաղը գնամ՝ խոսելու: Ես համաձայնում եմ գնալ՝ տեղում պարզելու, թե ինչպես են կուրս տալիս նոյեմբերի 2-ին, ասելու, որ մենք ուրիշ բան ենք պայմանավորվել… (կարծում եմ, հասկանալի է. որ ես ամբողջը չեմ ասում, որովհետև հանկարծ այսօր պարզել էին, որ կուրս վարող դասախոսներից մեկը չի հաճախում, և զանգել էին ինձ…):
Ինչևէ՝ դեռ վաղը՝ նոյեմբերի 3-ը չեկած, դեռ իմ «այո»-ն չլսած, որը ես չէի էլ պատրաստվում ասել, պարզվում է, որ ես նոյեմբերից աշխատում եմ Մանկավարժական համալսարանում… Սրանք լոկ փաստեր են՝ առանց էմոցիաների, առանց երկարաբանելու, իրականում պատմությունն ավելի երկար է… »,- ասաց լրագրության ոլորտի փորձառու մասնագետը: