Բաժիններ՝

Հրանտ Բագրատյան. Ես ծայրահեղ անբավարարված եմ կառավարության աշխատանքի որակից

«Բյուջեն, իր տրամաբանությամբ և գաղափարախոսությամբ , սխալ է և ադեկվատ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ըստ Բագրատյանի, 2013թ. բյուջեի եկամտային մասի մեծ բեռը բաժին է ընկնում փոքր և միջին ձեռնարկությունների ուսերին: «Ըստ Վարչապետ Սարգսյանի՝ այս տարվա բյուջեն սոցիալական է: Դա նրա խոսքերն են, սակայն պետք է ասել, որ բյուջեն ոչ սոցիալական չի լինում: Բյուջեն ֆինանսավորում է հանրային կարիքներ: Այդ ամենը սոցիալական բնույթի գործառույթներ են: Բյուջեում չկան ձևավորված միջոցներ, որոնք կիրառելով՝ հնարավոր կլինի աճ ստանալ; Մենք բյուջեում աճ չունենք: Չկան ստվերը կրճատելու քայլեր»:

Նախկին վարչապետի համոզմամբ, սխալ է ԱԺ-ում բյուջեի քննարկումը սկսել ծախսերի ներկայացումից. «Հարկավոր է սկսել եկամուտների հաշվարկից: Պետք է հասկանալ՝ ինչքան է եկամուտը, որ իմանանք՝ ծախսերն ինչքան պետք է լինի: Մի շարք խնդիրներ կան, որոնց մասին պետք է բարձրաձայնել»:

«Իրականում կան գործարարության ոլորտներ, որոնք իրենց էությամբ «էլիտար» են, ու իրենց չեն ճնշում։ Կան նաև այնպիսիները, որոնք պարբերաբար ճնշվում են: Խոսքս, բնականաբար, ՓՄՁ ոլորտին է վերաբերում: Բոլորս էլ գիտենք, որ որոշ ոլորտներում աշխատավարձերը 6 անգամ առավել են, քան մյուս բոլոր ոլորտներում: Դա նորմալ չէ: Դրանք տարբեր հարկային քաղաքականություններ են»,- իր խոսքում ընդգծեց Հ.Բագրատյանը:

Կարդացեք նաև

Իպատասխան հարցին, թե ի՞նչ կարծիք ունի նախկին վարչապետը Doing Business-ի ցուցանիշում 18 հորիզոնականով առաջադիմելու վերաբերյալ, Հ Բագրատյանը խորհուրդ տվեց այդ ցուցանիշի բարելավման փաստը լուրջ չընդունել, քանի որ, «ինչպես գիտենք, վերջին ժամանակներում այդ վերլուծությունը գցել է իր որակը, բացի այդ, դրանք պարզապես ֆորմալ ցուցանիշներ են»: «Եվ ի՞նչ, որ 18 հորիզոնականով բարելավել ենք մեր ցուցանիշը: 2004թ. 34-րդ տեղում էինք, հետո իջանք 50-րդ, հիմա նորից բարձրացանք 32-րդ հորիզոնական: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ»,- ասաց Բագրատյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կոռուպցիայի դեմ «վիրաբուժական միջամտության ճանապարհով» պայքարին, Հ.Բագրատյանը պատասխանեց. «Ես ինձ շատ վատ եմ զգում, երբ նման բաներ եմ լսում: Ես այդ ուղղությամբ չեմ մտածում: Իրոք շատ բարդ է, երբ ես լսում եմ նման արտահայտություններ: Խոսքս «վիրաբուժական միջամտությանն» է վերաբերում: Վախենում եմ, որ իմ սիրտ-անոթային համակարգը չի դիմանա այդ քաղաքականությանը»:

Իսկ առաջին քայլը կոռուպցիայի դեմ պայքարում, ըստ Բագրատյանի, հարկերի հավաքագրումը ճիշտ ռելսերի վրա դնելն է. «Հարկավոր է սկսել հարկելուց: Շատ լավ գիտենք, որ կան ոլորտներ, որոնք չեն հարկվում»:

Չնայած իր դիտարկումներին, Հ. Բագրատյանը գտնում է, որ խոսել և եզրակացություններ անել բյուջե 2013-ի մասին դեռ շուտ է: Նա տեղեկացրեց, որ իր վերջնական կարծիքը և եզրակացությունները առավել մանրամասն կներկայացնի ավելի ուշ՝ նոյեմբեր ամսին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս