Միջադեպ` ՊՆ քննչական ծառայության շենքի մոտ
Այսօր ՊՆ քննչական ծառայության շենքի մոտ միջադեպ է տեղի ունեցել բանակում խաղաղ պայմաններում զոհված մի քանի զինվորների մայրերի և ՊՆ քննչական վարչության պաշտոնյաների միջև:
Զինվորների մայրերը հավաքվել էին իրենց զոհված երեխաների գործերի առնչությամբ հարցերի պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն, կանանց վրա է հարձակվել ՀՀ Զինվորական դատախազության ՀԿ քննիչ Յուրա Բադալյանը, քաշքշել է նրանց, վիրավորել, իսկ նրանցից Իրինա Ղազարյանին, ով զոհված Արթուր Ղազարյանի մայրն է, անվանել է «պոռնիկ»: Այս մասին epress.am-ին են պատմել ՊՆ քննչականի դիմաց հավաքված ծնողները:
Բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը, կայքին պատմել է, որ իրենք գնացել էին խոսելու ՊՆ քննչական բաժնի պետ Արմեն Հարությունյանի հետ, սակայն վերջինիս մամուլի պատասխանատու Մերի Սարգսյանը ծնողներին փոխանցել է, որ այդ պահին Հարությունյանը չի կարող նրանց ընդունել և առաջարկել է գալ երեքշաբթի:
Ծնողները պնդել են ընդունել իրենց: Եվ երբ Իրինա Ղազարյանը փոքր-ինչ առաջ է գնացել և բարձր ձայնով պնդել է, որ Արմեն Հարությունյանը պետք է ընդունի իրենց այսօր, Զինվորական դատախազության ՀԿ քննիչ Յուրա Բադալյանը սկսել է հայհոյել ու քաշքշել կանանց:
Միջադեպի առնչությամբ կանայք ՊՆ-ում դիմում-բողոք են ներկայացրել: Նմանատիպ բողոք ներկայացրել են նաև ՀՀ նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ գլխավոր դատախազին: