Լևոն Զուրաբյանն արտահայտել է Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ
«Հայ ազգային կոնգրեսի քաղխորհուրդն ընդունել է որոշում` վստահել առաջին նախագահի ռազմավարությանը և որևէ կերպ չկաշկանդել այդ ռազմավարությունը: Այսինքն` այն, ինչ ասել է Լևոն Զուրաբյանը, դա Կոնգրեսի պաշտոնական կարծիքն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի Լ. Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին Լ.Զուրաբյանի հայտնի հայտարարությունների վերաբերյալ:
Մեր հարցին` Լ.Տեր-Պետրոսյանը ևս կիսո՞ւմ է Լ.Զուրաբյանի արտահայտած այն տեսակետը, որ «Սերժ Սարգսյանը 2013թ. վերարտադրվելու դեպքում քաղաքական դաշտից կհեռացնի այն քաղաքական գործոնները, որոնք ունեն նաև ֆինանսական և տնտեսական հնարավորություններ, այսինքն` Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին», թե՞ դա ՀԱԿ համակարգողի անձնական կարծիքն է, Ա. Մուսինյանը պատասխանեց. «Առաջինը`Սերժ Սարգսյանը փորձելու է ունեզրկել բոլորին: Երկրորդը` Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակ է, և նա քաղաքական գործոն չէ»: Ա.Մուսինյանը նշեց, որ սա նաև Լ.Տեր-Պետրոսյանի տեսակետն է:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հոկտեմբերի 23-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ՝ «այսօր Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ կա` «Բարգավաճ Հայաստանը» և ՀԱԿ-ը»:
Սերժ Սարգսյանը, ըստ Լ. Զուրաբյանի՝ «շատ լավ գիտի, որ նման համակարգում, որի պահպանմանն ինքն ամեն ինչով նպաստում է, հենց որ ինքը կորցնի իշխանությունը, իր բարեկամների, հարազատների, ընկերների ձեռքից այդ իշխանությունը առնվելու է».
«Ուստի, իր պատկերացրած, այսպես ասած, քաղաքականության շրջանակներում՝ նա ամեն ինչ անում է ոչ միայն, որ վերարտադրվի 2013 թվականին, այլ նաև դրանից հետո իր նախագահական պաշտոնավարման ժամկետն օգտագործի այն նպատակով, որ ամայացնի քաղաքական միջավայրը Հայաստանում: Իսկ դա իր համար, առաջին հերթին, նշանակում է՝ հեռացնել քաղաքական դաշտից այն գործոնները, որոնք նաև ունեն խոշոր տնտեսական, ֆինանսական հնարավորություններ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և նրա «Բարգավաճ Հայաստանը»»,- ասել էր Լ. Զուրաբյանը:
Այս հայտարարությունները ՀԱԿ-ի ներսում տարաձայնությունների առիթ դարձան: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա ոչ թե ՀԱԿ-ի, այլ Լ. Զուրաբյանի անձնական տեսակետն է:
«Այսօր Հայ ազգային կոնգրեսը նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին որոշումներ չի կայացրել, և քաղաքական ուժի յուրաքանչյուր ներկայացուցիչ ազատ է արտահայտելու կարծիքներ»,- ասել էր Ն.Փաշինյանը: