«Մենք շարունակում ենք հետևել Վարդան Օսկանյանի գործին». Ջոն Հեֆֆերն

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպելուց հետո պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող որոշ հարցերի:

Դեսպանը նախ նշել է, որ իր այցի նպատակը Գյումրու նորընտիր քաղաքապետի հետ հանդիպելն է եղել, Գյումրու քաղաքապետարանի և դեսպանատան միջև գործընկերային կապեր ստեղծելն ու Գյումրու ժողովրդի հետ հանդիպելը:

galatv.am-ի լրագրողի խնդրանքով ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է նաև ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործին:

Ջոն Հեֆֆերն այդ առնչությամբ նշել է. «Դրա վերաբերյալ ես մեկ-երկու հայտարարությամբ արդեն հանդես եկել եմ, մենք շարունակում ենք հետևել գործի ընթացքին, իսկ իմ դիրքորոշումը, կարծում եմ, այդ հայտարարություններում հստակ ձեւակերպված է»:

Կարդացեք նաև

«Երրորդ անգամ եմ հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, մենք ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենում ենք, և մեր խոսակցությունը հիմնականում քաղաքական թեմաներով են: Նա ներկայացրել է իր դիրքորոշումները ներկայիս քաղաքական իրավիճակի վերաբերյալ, և ինձ հետ հանդիպման ժամանակ այդ մասնավոր զրույցում ասաց այն, ինչ հրապարակավ ասում է ձեզ հետ խոսելիս»,- անդրադառնալով իր և առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հետ օրեր առաջ կայացած հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում նշել է Ջոն Հեֆֆերնը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը անդրադարձել է նաև փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, և ներկայացրել իր տեսակետներն այդ առումով:

«Նախ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ ամրապնդվեն այն դրական միտումները, որ նկատվեցին մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և դա անելու ճանապարհին, կարծում եմ, ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն էր իրականացնում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և ներկայացվել են որոշ առաջարկներ, որոնք կարող են օգուտ տալ:

Կառավարության կողմից միջգերատեսչական խումբ է ստեղծվել, որը դիտարկում է ներկայացված այդ բոլոր 26 առաջարկները և մի քանի օր առաջ Երևանում բոլոր դեսպաններին ներկայացրեցին, թե ինչ են ծրագրում անել այդ առաջարկների մասով:

Մենք ընդունում և գնահատում ենք այն պատասխանը, որ կառավարության կողմից պատրաստվում է այդ առաջարկների վերաբերյալ, և ներկայացված առաջարկների մեծ մասը ընդունվում է: Առաջարկների հետ կապված` նախատեսվում են Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, սակայն մինչ ընտրությունները ժամանակը կարճ է այդպիսի փոփոխություններ կատարելու համար, և այդ առաջարկները կկատարվեն ընտրություններից հետո:

Մենք սպասում ենք նախագահական ընտրություններին, հույսով ենք, որ դրանք կանցկացվեն թափանցիկ, արդար և այդ ընտրությունների  ժամանակ ակնկալում ենք, որ կլինի ամուր մրցակցություն և այդ արդար մրցակցությունը կապահովվի»,- նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Տեսանյութեր

Լրահոս