Տիգրան Առաքելյանն ավելի շատ հակված էր զրուցել ԲՀԿ-ի պատգամավորների հետ». Մարգարիտ Եսայան
Ինչպես հայտնի է` այսօր ԱԺ մի խումբ պատգամավորներ այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել են որոշ ազատազրկվածների հետ՝ ծանոթանալու ազատազրկվածներին հուզող խնդիրներին ու բողոքներին:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանդիպման ընթացքում դատապարտյալները որևէ բողոք բանտային պայմաններից ու բանտային աշխատողներից չեն հայտնել: Երեկ 168.am-ի հետ զրույցում Մ. Եսայանն ասել էր, որ ինքն ու «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ցանկություն ունեն հանդիպելու ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
«Մենք հանդիպեցինք մի խումբ դատապարտյալների, այդ թվում՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ ում մենք հանդիպել ենք` բոլորն այն կարծիքին են, որ իրենց նկատմամբ ճիշտ դատավարություն տեղի չի ունեցել, որ իրենց ոչ արդար են դատել»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Անդրադառնալով մասնավորապես Տիգրան Առաքելյանին, Մարգարիտ Եսայանը նշեց, որ հանդիպումն առաջին պահին լարված է անցել, բայց զրույցի ընթացքում արվածությունն աստիճանաբար նահանջել է. «Տիգրան Առաքելյանն ավելի շատ հակված էր զրուցել ԲՀԿ պատգամավորների հետ. իմ և ՕԵԿ պատգամավորի հետ նա հակված չէր զրուցել: Բայց ինձ համար կարևորը ոչ թե նրա ցանկությունն էր, այլ՝ իմը. ես ցանանում էի նրա հետ զրուցել, ինչն ինձ հաջողվեց: Մեր միջև եղած լարվածությունը, կարծում եմ, զրույցի ընթացքում աստիճանաբար նահանջեց, քանի որ ես իրեն բացատրեցի, որ իր մոտ գնացել եմ ոչ թե որպես թշնամի, այլ՝ որպես բարեկամ և հնարավորության չափով ցանկանում եմ օգտակար լինել իրեն»,- նշեց ՀՀԿ պատգամավորը:
Մեր հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ Տիգրան Առաքելյանը «հակված էր զրուցել միայն ԲՀԿ պատգամավորների հետ», Մ. Եսայանը պատասխանեց, որ իր պատասխանը զուտ սուբյեկտիվ ենթադրության հիմքում արված կլինի, որն ինքը չէր ցանկանա հրապարակել:
ՀՀԿ պատգամավորը նաև հավելեց, որ Տիգրան Առաքելյանին է նվիրել իր կազմած ու խմբագրած գիրքն ու խնդրել է, որպեսզի նա ազատ ժամանակ կարդա այն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին քրեակատարողական հիմնարկների վիճակի և պայմանների թեմայով լսումներ են տեղի ունենալու ԱԺ-ում, և այդ լսումներին նախապատրաստվելու, տեղում ազատազրկվածների ապրելու պայմաններին ծանոթանալու նպատակով՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ որոշել էին հոկտեմբեր ամսվա ընթացքում այցելել քրեակատարողական հիմնարկներ: