Ճանաչված աստղագետները Հայաստանի դպրոցներում դասախոսություններ կկարդան
Ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում դասախոսություններ կկարդան ճանաչված աստղագետները: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Ըստ նրա՝ Հայկական աստղագիտական ընկերությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, նոյեմբերին կկազմակերպի դպրոցական աստղագիտական դասախոսություններ` ճանաչված աստղագետների մասնակցությամբ: Ծրագիրը կիրականացվի ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի աջակցությամբ:
«Նախաձեռնության նպատակն է՝ դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար»,- ասաց Ա. Միքայելյանը: Բացի այդ, դասախոսությունների նպատակն է՝ լրացնել այն բացը, որ առաջացավ դպրոցական ծրագրից աստղագիտության առարկան հանելուց հետո: Ներկայումս աստղագիտական խմբակներ կան միայն մի քանի մասնագիտացված դպրոցներում՝ «Քվանտ» վարժարանում, Ա. Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոցում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Ըստ Ա. Միքայելյանի՝ հայաստանյան դպրոցներում իրականացվող դասախոսությունների ժամանակ կպատմվի ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի և այլ նշանավոր հայ աստղագետների մասին: