Դեղերի շուկայում մենաշնորհ չկա՞
Այսօր ԱԺ-ում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով դեղերի շուկայում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ ՀՀ նախագահի հանձնարարականներին, ասաց. «Նախագահի հանձնարարությամբ այդ հարցը երկու շաբաթ առաջ կառավարության նիստով դարձավ աշխատանքի ծրագիր, և այդ ծրագրում ընդգրկված են բոլոր խնդիրները, այդ թվում նաև` կենտրոնացված գնումներ իրականացնելու հարցը: Մենք արդեն իսկ այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ ենք արել, խոսքս վերաբերում է նրան, որ մենք բոլոր բուժհիմնարկներից, հատկապես` մարզային բուժհիմնարկներից, պահանջելու ենք նրանց հաջորդ տարվա՝ ի՞նչ դեղորայքներ պետք է լինեն, օգտագործվեն, և ի՞նչ գնումներ պետք է հայտարարել, որպեսզի մենք ինքներս կարողանանք օգնել մեր կոլեգաներին՝ առավել մատչելի, ավելի էժան գնով դեղորայք ձեռք բերելու»:
Հարցին, թե դեղերի շուկայում չարաշահումների հետևանքով որքա՞ն վնաս հասցվեց բյուջեին, Դումանյանը պատասխանեց, թե ինքը չի հիշում այդ թիվը: Նաև հավելեց, թե այդ խնդիրը պետք է ուսումնասիրեն պատկան մարմինները:
Հարցին էլ` եթե հաջորդ տարի չարաշահումներ հայտնաբերվեն, արդյոք ինքը պատասխանատվություն կրելո՞ւ է դրա համար, նախարարը պատասխանեց. «Ես պատասխան կկրեմ իմ մասով, թե ես՝ որպես առողջապահության նախարար, ի՞նչ միջոցներ չեմ ձեռնարկել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը, որն ունի ուրիշ լիազոր մարմին, չի կարողացել օրենքի սահմաններում դեղորայք գնել»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ նախկին նախարարը՝ Հարություն Քուշկյանը, չի տալիս այդ հարցերի պատասխանը, Դ. Դումանյանն ասաց. «Իսկ Դուք հարցրել եք` նա չի՞ տվել»:
Ի դեպ, Դումանյանը բացառեց, թե դեղերի շուկայում մենաշնորհ կա: