«Հայոց այբուբենից են ծնվում մնացած բոլոր այբուբենները». Արծվի Ալեքսանյան
«Ես փորձում էի հասկանալ` ի՞նչ է մարդը: Հետաքրքրվել եմ մարդաբանական գիտությամբ, հին պատմություններով: Սակայն անհնար է հասկանալ մարդուն՝ առանց ուսումնասիրելու լեզուն: Ցանկացած մարդու համար իր լեզուն ամենակատարյալն է և բոլորից լավն է. այդ լեզուն դառնում է մարդու ներքին ես-ը, դրանով ոչ միայն խոսում է, այլև դրանով մտածում է, զգում է և ապրում է: Իմ մեջ կար այդ զգացողությունը, որ Հայոց լեզուն աստվածային է: Այն մի ամբողջական կառույց է՝ մաթեմատիկական կառույց: Սկզբում կարծում էի, որ բոլոր ազգերն էլ իրավունք ունեին այդպես կարծելու, սակայն…
Ցավոք, ես շատ լեզուներ չգիտեմ, սակայն հասկացա, որ գոյություն ունի լեզուն վերլուծելու հնարավորություն: Այսինքն՝ կարելի է անգամ առանց այդ լեզուն իմանալու վերլուծության ենթարկել լեզվի կառույցը՝ նրա հնչյունները, հնչյունների քանակը: Հայոց լեզվում շատ հարցեր կային, որոնք ինձ համար անհասկանալի էին, ցանկացած լեզվի մեջ կան օրինաչափություններ, դրանք կարելի է կիսել մի քանի մասերի:
Այդ օրինաչափությունները երբեմն տրամաբանական են, երբեմն՝ անտրամաբանական, կամ թվում են անտրամաբանական: Օրինակ, երբ դպրոցում ուսուցիչը սովորեցնում է, որ հայերենում այլ բառեր չկան «ր» տառով սկսվող` բացի «րոպե» և «Րաֆֆի» բառերից: Ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ է այդպես, այդ տառը մենք կարողանում ենք նորմալ արտաբերել: Ու քանի որ ես սիրում էի մաթեմատիկան, տրամաբանությունը, անմիջապես հարց ծագեց` ինչո՞ւ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արծվի Ալեքսանյանը: Ըստ նրա՝ Հայոց այբուբենից են ծնվում մնացած բոլոր այբուբենները:
Արծվի Ալեքսանյանը շուրջ 40 տարի ուսումնասիրել է այբուբենը՝ գծագրեր, բանաձևեր, քարտեզներ ու գաղտնագրեր է բացահայտել: Հայոց այբուբենի գաղտնագրման մասին հրապարակումը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում: