«Մեզ մոտ օլիգարխացված տնտեսություն է»

«Սպառողներին հասնող գազի գինը կարող է և չթանկանալ, եթե, իհարկե, ցանկություն չկա բիզնես անել` գազը սպառողի հասցնելիս կրկնակի թանկացնելով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը:

«Գազը մենք ստանում ենք 180 դոլար 1000 խմ դիմաց, բայց վաճառվում է 360 դոլար, այսինքն` կրկնակի, սահմանի վրա գինը և սպառողին հասնող գինը կրկնապատկվում է: Այստեղ առաջանում է մի քանի հարց: Առաջին` սա ի՞նչ բիզնես է, երբ ապրանքն առնվելուց հետո վաճառվում է կրկնակի գնով, այն էլ սեփական քաղաքացիներին, այսինքն`սա բիզնես է քաղաքացիների՞ նկատմամբ: Երկրորդ` պարբերաբար ասում են, որ «ՀայՌուսգազարդը» լավագույն կազմակերպություններից մեկն է: Գիտե՞ք ինչ, եթե ամեն մեկիս հնարավորություն տրվի գինը կրկնապատկել, բոլորս էլ հաջողակ կլինենք: Եվ երրորդ հարցը. մեր պետությունն  ունի փայաբաժին «ՀայՌուսգազարդ»-ում: Եվ երբևիցե այսքան թանկացումների ժամանակ մենք չենք իմացել, թե այդ «փային» պատկանող ձայները ո՞ր կողմն է բարձրացրել` դեպի հերթական թանկացում սպառողների՞ն, թե՞ իջեցում»,- ասաց Հ. Մեսրոբյանը:

Ըստ նրա` սպառողների համար գինը ոչ միայն չպետք է բարձրացվի, այլև պետք է անդրադառնալ հետևյալ հարցին` երբ այսքան տարի գազը գնվել է 180 դոլարով և վաճառվել 360 դոլարով` այդ գումարները ի՞նչ են եղել:

Հարություն Մեսրոբյանի խոսքով` ինքն առաջարկներ անել չի կարող, քանի որ դրանք բոլորը կնչեն միայն  որպես բարի ցանկություն.

«Օլիգարխացված տնտեսությունում, որտեղ օլիգարխիան ոչ միայն տնտեսական լծակներին է տիրապետում, այլ նաև քաղաքական, ես առաջարկներ չունեմ, որովհետև ինչ առաջարկ էլ ասեմ, կլինի բարի ցանկություն: Ուրիշ բան, եթե մենք ուղղակի գնահատենք, թե ինչքան միջոց է շրջանցում բյուջեն, քանի որ մեզ մոտ օլիգարխացված տնտեսություն է: Դուք չզարմանաք, եթե պարզվի, որ այդքան էլ դժվար չէ կրկնապատկել բյուջեն: Հետևապես սա նշանակում է, որ բյուջեի ծախսային մասն էլ կարելի է կրկնապատկել, իսկ դա նշանակում է, որ հնարավորություն է լինելու նվազագույն աշխատավարձը բարձրացնել ոչ թե 2500 դրամով, այլ կրկնապատկված բյուջեով կարող ենք շատ հանգիստ բերել նվազագույն սպառողական զամբյուղի գնին»:

Ըստ Մեսրոբյանի`գազի թանկացումները հավանաբար տեղի կունենան «չընտրություններից» հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս