Ադրբեջանական կայքն ավելացնում է հայ այցելուների թիվը

Ֆեյսբուք սոցիլական ցանցի հայկական տիրույթում հայտվել է Armenia.az կայքի գովազդը։ Ադրբեջանական այս լրատվական-քարոզչական ռեսուրսը արդեն տևական ժամանակ է գործում է համացանցում։

Առաջին անգամ այցելողներն անգամ միգուցե միանգամից գլխի չընկնեն, որ գործ ունեն ադրբեջանական կայքի հետ։ Այն հայալեզու է, բավականին օպերատիվ և ավելի գրագետ, քան հայկական որոշ կայքեր։ Բնականաբար, տարածում է ադրբեջանական քարոզչություն՝ ուղղված կոնկրետ հայ ընթերցողին։ Օրինակ, ամենաընթերցված լուրը հետևյալն է՝ «Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հերթական անգամ փորձում է մանիպուլյացիայի ենթարկել միջազգային հանրությանը»։

Լրատվական կայք գործարկելն ու աշխատեցնելը էժան հաճույք չէ։ Իսկ այս դեպքում ստանդարտ ծախսերին գումարվում է նաև  լուրերի թարգմանությունը ադրբեջաներենից հայերեն։ Հաշվի առնելով, որ կայքում գովազդներ չկան, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական պետությունը մեծ գումարներ է ծախսում քարոզչական այս ռեսուրսի վրա։

Սակայն էֆեկտը, ըստ երևույթին, սպասվածի չափ մեծ չի եղել, և ադրբեջանցները լծվել են կայքը Հայաստանում «ռասկրուտկա» անելու գործին։ Ֆեյսբուքում հայտնվել է այս կայքի գովազդը։ Ընդ որում, այն տեսանելի է հայկական տիրույթում՝ հայ օգտատերերին (ֆեյսբուքի գովազդը թույլ է տալիս  ընտրել լսարանը)։

Դժվար է ասել՝ ինչ օգուտ կտա այդ քայլը և որքանով կծառայի իր նպատակներին, սակայն փաստն այն է, որ մեր հարևանները բավականին լուրջ են վերաբերվում քարոզչական դաշտին։ Մինչ Հայաստանում բոլորը զբաղված են մեկը մյուսի վրա ցեխ շպրտելով, կողքից ինչ-որ մեկը սողոսկել է դաշտ ու անարգել փորձում է լվանալ հայերի ուղեղները։ Խանգարող կամ պատասխան քայլեր ձեռնարկող չկա։ Հայաստանում բոլորը խիստ զբաղված են… չգիտես ինչով։

Տեսանյութեր

Լրահոս