Իսպանիայում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի
Համաձայն Իսպանիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկրում գործազրկության մակարդակը երրորդ եռամսյակում հասել է 25.02%-ի՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 0.4 տոկոսային կետով:
Երկրի տնտեսության շարունակական անկումը յուրաքանչյուր 4-րդ իսպանացուն թողել է գործազուրկ: Ընդ որում, ԵՄ երկրներից՝ Հունաստանից հետո երկրորդ ցուցանիշը Իսպանիայինն է:
«Իրավիճակը շատ լուրջ է: Աշխատանքի շուկայի հետագա թուլացումը պահպանվել է: Տնտեսական ակտիվությունը շատ ցածր է, և կառավարությունը կշարունակի քաղծառայողների կրճատումները՝ աշխատատեղերի ձևափոխման կտրուկ միջոցների կիրառմամբ, մասնավորապես, առողջապահական և կրթական ոլորտներում»,- նշել է BNP Paribas SA տնտեսագետ Ռիկարդո Սանտոսը:
2013թ. կառավարությունը նախատեսում է խնայել ավելի քան 13 մլրդ եվրո։ Բյուջեի նախագծի համաձայն, դեֆիցիտը պետք է կազմի ՀՆԱ-ի 4.5%-ը: Ներկայումս ցուցանիշը կազմում է 6.3%:
Տնտեսության կանխատեսումները ոգևորող չեն: Իսպանիայի Ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն, 2013թ. պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 90.5%: Համաձայն գերատեսչության կանխատեսման, պարտքի ընդհանուր ծավալը կկազմի 207 մլրդ եվրո, միջոցները կներգրավվեն միջնաժամկետ և կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման ճանապարհով: