Facebook սոցցանցի եռամսյակային հաշվետվությունը ոգեշնչել է ներդրողներին
Facebook սոցիալական կայքի արժեթղթերը, եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո թանկացել են 12%-ով: Ներդրողները սկսել են ձեռք բերել ընկերության արժեթղթերը, քանզի Facebook-ը կարողացել է գերազանցել շուկայի սպասումները մի քանի ցուցանիշներով, ներառյալ՝ գովազդից ստացված եկամտով:
Facebook-ը հրապարակել է 3-րդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հաղորդագրությունը հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ ամերիկյան բորսաները դեռևս փակ էին: Այնուամենայնիվ ներդրողները սկսել են ձեռք բերել բաժնետոմսերը, այսպես կոչված, «նախաշուկայում», էլեկտրոնային առևտրային բորսայում:
Facebook սոցցանցի օգտատերերի թիվը, 2012թ. սեպտեմբերին հասել է 1.01 մլրդ հոգու, ինչը նախորդ տարվա համեմատ 26% ավելի շատ է: Օգտատերերի թիվը, ովքեր ամեն օր օգտվում են ցանցից, հասնում է 584 մլն-ի: 2011թ. համեմատ այդ թիվը 28%-ով աճել է:
Ընկերության եռամսյակային եկամուտը ավելացել է 32%-ով՝ հասնելով 1.26 մլրդ դոլարի: Գովազդից Facebook-ը ստացել է 1.09 մլրդ դոլար, ինչը 36%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշ:
Հոկտեմբերի 23-ին հաշվետվություն է ներկայացրել ևս մեկ խոշոր ընկերություն՝ Yahoo-ն: Ընկերության եկամուտը եռամսյակի ընթացքում կազմել է 3.2 մլրդ դոլար, չնայած որ գումարի մեծ մասը՝ 2.8 մլրդ դոլարը, բաժին է ընկել Alibaba Group-ին ընկերության մասնաբաժնի վաճառքից: Սակայն անկախ ամեն ինչից, ցուցանիշը արդարացրել է վերլուծաբանների սպասելիքները, ինչի արդյունքում ընկերության բաժնետոմսերի գները աճուրդի ընթացքում աճել են գրեթե 6%-ով: