Շախտյորը հաղթում է Չելսիին և գլխավորում E խումբը. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբաս Արենա» մարզադաշտում 2:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ մրցաշարի գործող չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ և վաստակած 7 միավորով միանձնյա գլխավորեց E խումբը: «Հանքափորների» կազմում գոլերի հեղինակներ դարձան Տեյշեյրան (3′) ու Ֆերնանդինյոն (52′): «Չելսիի» միակ գոլը խփեց Օսկարը (88′):
Ամբողջ հանդիպումն անցավ Միրչա Լուչեսկուի սաների բացահայտ առավելությամբ և հաշիվը կարող էր շատ ավելի տպավորիչ լինել, եթե չլիներ «ազնվականների» դարպասապահ Պետեր Չեխի գերազանց խաղը:
Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը և ամենաակտիվներից էր խաղադաշտում: Հենրիխը գերազանց հանդիպում անցկացրեց և մի քանի անգամ կարող էր աչքի ընկնել, սակայն նրա հարվածներից հետո Պետեր Չեխը պարզապես հրաշքներ էր գործում:
Ինչևէ, «Շախտյորը» շատ կարևոր հաղթանակ տարավ ու արժանիորեն միանձնյա գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ այս խմբի մյուս խաղում մեծ անակնկալ գրանցվեց. «Յուվենտուսը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Նորշելանդին», խաղն ավարտվեց 1:1 հաշվով: 50-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Բեկմանը, ում գոլին թուրինցիները կարողացան պատասխանել 81-րդ րոպեին, «Յուվենտուսի» կազմում աչքի ընկավ Միրկո Վուչինիչը:
s 2-1 c footyroom.com by Futbol2101
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը