Բաժիններ՝

Արթուր Աբրահամի մամուլի ասուլիսը՝ լուսանկարներով

WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլան է (26-4, 11): Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի  Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:

Այսօր` հոկտեմբերի 23-ին, Բեռլինում տեղի է ունեցել մամլո ասուլիս Արթուր Աբրահամի, Մեհդի Բուադլայի և նրանց մենեջերների մասնակցությամբ: Արթուր Աբրահամը նշել է, որ իր համար հաճելի զգացում է աշխարհի չեմպիոն լինելը և որ անելու է հնարավորը` աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար: Մեհդի Բուադլան իր հերթին ասել է` ինքը ևս մարտական է տրամադրված և նպատակ ունի հաղթել Արթուր Աբրահամին:

Դիտարժան մրցելույթն առջևում է:

Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երևանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 38 մենամարտ, որոնցից 35-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Աբրահամն արդեն 3 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Baden-Arena” համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Երկրորդը` Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena”-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ հաղթեց լեհ մրցակցին` Պյոտր Վիլշևսկուն` վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եվ երրորդը` օգոստոսի 25-ին Բեռլինի “О2 World” արենայում Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին` դառնալով WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն: 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս