Բաժիններ՝

Զիդանը Ֆրանսիայի հավաքականի ամենակարևոր ֆուտբոլիստը չէր. Տրեզեգե

«Ռիվեր Փլեյթի» հարձակվող, Ֆրանսիայի հավաքականի նախկին ռմբարկու Դավիդ Տրեզեգեն կարծում է, որ մեկ տասնամյակ փայլող Ֆրանսիայի ընտրանում Զինեդին Զիդանից ավելի կարևոր ֆուտբոլիստներ են եղել:

Հանրահայտ հարձակվողն արդեն 35 տարեկան է, և նա իր հրաշալի կարիերայի վերջին տարիներն անցկացնում է պատմական հայրենիքում՝ Արգենտինայում: Հենց այդ երկրից է երիտասարդ տարիքում Տրեզեգեն գնացել Եվրոպա: Իր ֆուտբոլային կյանքի ամենավառ հիշողություններով Դավիդը կիսվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ:

«Իմ նպատակը Ֆրանսիայում հայտնվելն էր: Բախտս բերեց, որ «Մոնակոյի» նման լուրջ ակումբում հայտնվեցի, դա յուրօրինակ փորձ էր ինձ համար: Հենց այդ թիմում հանդես գալու ժամանակ ինձ հրավիրեցին հավաքական: Ես հաղթեցի 1998 թվականի Աշխարհի առաջնությունն ու Եվրո 2000-ը, որից հետո հայտնվեցի Ա սերիայում:

Կարիերայիս մեծ մասը (10 տարի) «Յուվենտուսում» եմ անցկացրել: Դա ինձ հետ կատարված լավագույն բանն էր, քանի որ հենց այնտեղ հասկացա՝ ինչ է իրական ֆուտբոլը:  Ես խաղացել եմ «Ոսկե գնդակի» երեք դափնեկիրների հետ՝ Զինեդին Զիդանի, Ֆաբիո Կանավարոյի ու Պավել Նեդվեդի: Իմ խաղընկերներն են եղել նաև Իբրահիմովիչը, Թյուրամը, Վիեյրան, Էմերսոնը … Նրանք խիստ ինքնատիպ ֆուտբոլիստներ են, ովքեր միշտ հաղթելու անհագուրդ ցանկություն ունեն: Դա հենց այն մակարդակն է, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար»,- անկեղծացել է Տրեզեգեն:

Լեգենդար ֆուտբոլիստն անդրադարձել է նաև Ֆրանսիայի հավաքականին՝ նշելով, որ այնտեղ Զինեդին Զիդանից ավելի կարևոր ֆուտբոլիստներ են եղել:

«1998-ին և 2000-ին մենք հավաքականով հնարավոր ամեն ինչ հաղթեցինք: Այդուհետ թիմում սերնդափոխություն սկսվեց: Մենք կորցրինք Լորան Բլանի, Դիդյե Դեշամի և Մարսել Դեսայիի նման ֆուտբոլիստների, նրանք բոլորն էլ հավաքականի կարևոր մասնիկներն էին: Այստեղ՝ Հարավային Ամերիկայում, բոլորը հիշում են Զիդանին, բայց այդ հավաքականում ավելի կարևոր ֆուտբոլիստներ կային, ովքեր, ասես, սոսնձի դեր էին խաղում թիմն ամրապնդելու հարցում: Բլանը՝ Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն, ու Դեշամը՝ ներկայիս մարզիչը, թիմի կորիզներն էին: Նրանց հեռանալուց հետո հավաքականում ծանր ժամանակներ սկսվեց, և միայն 2006 թվականին նոր ֆուտբոլիստները սկսեցին կերտել իրենց ճանապարհը»,- հավելել է Տրեզեգեն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս