Վրաստանում Հայաստանի դեսպանին «լայքեր» են պետք
Ֆեյսբուք սոցիալական ցանցը աստիճանաբար սողոսկում է պետական համակարգ՝ դառնալով պետական գործառույթների պարտադիր բաղադրիչ։
Այն, որ մեր իշխանավորները գրանցվում են սոցիալական ցանցերում ու փորձում անմիջական շփման մեջ մտնել քաղաքացիների հետ, դա բնական է, անգամ` ողջունելի։ Սակայն երբ պետական պաշտոնյան գովազդում է իր անձնական էջը (բնականաբար, ոչ անվճար հիմունքներով), դա որևէ կերպ բացատրելն իրոք դժվար է։
Վերջերս Ֆեյսբուքում է հայտնվել Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի էջի գովազդը։ Շուրջ մեկ տարի գործող ֆեյսբուքյան էջն ունի 249 հավանող (Like)։ Սա բավականին համեստ ցուցանիշ է. համեմատության համար նշենք, որ, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանի էջի Like-երի թիվը մոտենում է 14 000-ի։
Փաստորեն, ֆեյսուքյան այցելուների թիվը մեր բարձրաստիճան պաշտոնյաներն այնքան են կարևորում, որ դրա համար պատաստ են անգամ գումար ծախսել։ Սակայն դա արվում է ոչ թե քաղաքացիների թիվը մեծացնելու և շփումն ավելի ինտենսիվ դարձնելու համար, այլ դարձել է «պրեստիժի» պես մի բան, և պետական համակարգում թաքուն մրցակցություն է ծավալվել ֆեյսբուքում։ Հիշեցնենք, որ վերջերս իր էջը գովազդում էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։