
Ավտովթար՝ մահվան ելքով

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ, 34-ամյա Խաժակ Մհոյանը, վարելով «Վազ 2107» մակնիշի 31 ՏՏ 290 համարանիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի Արա գյուղի ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին և 30մ գլորվելով գլխիվայր շրջվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը դուրս է շպրտվել ավտոմեքենայից և տեղում մահացել:
Վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Արտակ Աբաղյանը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Ստեփան Սուքիասյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանման վայր:
Հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի