Բաժիններ՝

Սիրիան արգելել է թուրքական քաղաքացիական ինքնաթիռներին թռչել իր տարածքի վրայով

Սիրիան նման որոշում կայացրել է այն միջադեպից հետո, երբ Անկարան խնդիրներ էր ստեղծել սիրիական ինքնաթիռի համար։ Թուրքական ինքնաթիռների արգելքը ուժի մեջ է մտել այսօր կեսգիշերից։ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այդ քայլը պատասխան է թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք առաջինն են նման արգելք սահմանել սիրիական ինքնաթիռների համար։

Պաշտոնական Անկարան հավաստիացնում է, որ չի փակել իր օդային տարածքը։ Սակայն միևնույն ժամանակ խոստանում է համապատասխան միջոցներ կիրառել բոլոր օդանավերի նկատմամբ, եթե կասկածներ ունենան, որ դրանք աջակցում են Բաշար Ասադի վարչակազմին։

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական հակամարտությունը սրվեց հոկտեմբերի սկզբին, երբ սիրիական զինուժը հրետակոծության ենթարկեց թուրքական սահմանամերձ քաղաքներից մեկը։ Իրավիճակը սրվեց չորեքշաբթի օրը, երբ Անկարայում ստիպողաբար վայրէջք կատարեց Մոսկվայից Դամասկոս թռչող ինքնաթիռը՝ ռուս ուղևորներով։

Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռում կա ռազմամթերք և այն բռնագավելուց հետո թույլ տվեցին շարունակել թռիչքը։ Ավելի ուշ Մոսկվան հայտարարեց, որ ինքնաթիռը Սիրիա էր տեղափոխում ռադիոլոկացիոն կայան։ ՌԴ ԱԳՆ նաև հայտարարել է, որ թուրքական կողմից մինչ օրս պարզաբանումներ չի ստացել՝ միջադեպի հետ կապված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս