Բաժիններ՝

Հայաստան – Իտալիա. Կարծիք են հայտնում հայկական թիմերի մարզիչները

Այսօր «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի 3-րդ տուրի Հայաստան – Իտալիա հանդիպումից առաջ SportArmenia-ն փորձեց ճշտել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի մարզիչներից մի քանիսի կարծիքը:

Սևադա Արզումանյան «Գանձասարի» գլխավոր մարզիչ

Կարող ենք հաղթել: Ֆուտբոլում անհնարին բան չկա: Հարկավոր է վերագտնել նախորդ ընտրական փուլի խաղը: Կարծում եմ Իտալիայի հետ մեր տղաների խաղը կստացվի: Շատ լավ է, որ մրցակիցը հայտնի թիմ է, բացի այդ, իտալացիների խաղաոճը հարմար է մերոնց: Անպայման ստադիոնում կլինեմ:

Վարդան Բիչախչյան «Շիրակի» գլխավոր մարզիչ

Ոչ թե ակնկալում եմ, այլ ցանկանում և մաղթում եմ հաղթանակ մեր հավաքականին: Այս խաղին մոտենում ենք կորուստներով: Ինչպես գիտեք, պաշտպանության աջ եզրում առաջին անգամ կտեսնենք նոր խաղացողի: Թեև հավաքականում շատ են լավ ֆուտբոլիստները, բայց Մարկոսի և Ղազարյանի բացակայությունը դժվար է լրացնել: Կանխատեսումներ չեմ սիրում անել: Եվս մեկ անգամ հաջողություն ու հաղթանակ եմ մաղթում մեր հավաքականին:

Արմեն Գյուլբուդաղյանց «Իմպուլսի» գլխավոր մարզիչ

Հավատում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի հավաքականն այսօր կհաղթի Իտալիային: Ցանկանում եմ, որ «Հրազդանը» լեփ լեցուն լինի և մեր տղաներն իրենց լավագույն խաղը ցուցադրեն, այդ դեպքում հնարավոր է հասնել հաջողության: Կադրային խնդիրներ կան, Մարկոսի և Ղազարյանի բացակայությունը կարող է ազդել խաղի վրա, բայց վստահ եմ, որ նրանց փոխարեն խաղադաշտ մտած տղաները կրկնակի եռանդով կխաղան և պատվով դուրս կգան: Հաղթանակ եմ մաղթում Հայաստանի հավաքականին:

Սուրեն Չախալյան – «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Բոլորս էլ գիտենք` Իտալիան ինչ հզոր մրցակից է: Այդուհանդերձ, չի կարելի մտնել դաշտ առանց հաղթանակի ակնկալիքի: Ես հավատում եմ մեր տղաներին: Հուսով եմ մարզադաշտն էլ լեփ-լեցուն կլինի: Ես նույնպես կլինեմ «Հրազդանում» ու կաջակցեմ մեր թիմին: Ակնկալում եմ լավ խաղ տեսնել և բնականաբար, ցանկանում եմ, որ Հայաստանի հավաքականը հաղթի: Կազմի հետ կապված հարցերին չեմ ցանկանում անդրադառնալ: Վարդան Մինասյանը կորոշի ով, որ դիրքում, ում կփոխարինի:

Ժոլտ Հորնյակ «Միկայի» գլխավոր մարզիչ

Իտալիան բազմիցս ապացուցել է իր բարձր կարգը, սակայն Հայաստանը նույնպես ամբողջ աշխարհին ցուցադրել է` ինչի է ընդունակ: Հայաստանի հավաքականում են խաղում Հենրիխ Մխիթարյանի ու Յուրա Մովսիսյանի նման աստղեր, ովքեր լավ մարզավիճակում են և Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնությունների լավագույն ռմբարկուներն են:

Շատ բան կախված կլինի` ինչպիսի տակտիկա կընտրի Չեզարե Պրանդելին: Կարծում եմ Հայաստանը շատ ագրեսիվ կսկսի հանդիպումը և կփորձի արագ գոլ խփել: Հուսանք, որ կստացվի և Վարդան Մինասյանի թիմն իր սիրելի ֆուտբոլը կխաղա: Հարկավոր է շատ ուշադիր լինել պաշտպանությունում. Իտալիայի կազմում են խաղում Պիրլոյի և Բալոտելիի նման կատարողներ: Ամեն դեպքում, հաջողություն եմ մաղթում Հայաստանին և աջակցությունս մարզադաշտում կարտահայտեմ: Չեմ կարող բաց թողնել նման ներկայացումը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս