Վարդան Մինասյան. Մեզ մի փոքր հաջողություն է պետք
Այսօր «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Իտալիա խաղի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև մրցակցի հնարավորություններին։
Մինասյանն ասել է, որ Իտալիայի հետ Հայաստանի հավաքականն առաջին անգամ է խաղում, շատ ուժեղ մրցակից է։ Մեր թիմը լավ է նախապատրաստվել հանդիպմանը, բոլորը կազմ ու պատրաստ են այդ խաղից առաջ։ Այն հարցին, թե ինչ հակախաղ է նախապատրաստել գլխավոր մարզիչը մրակիցների դեմ, Մինասյանն ասել է, որ Եվրո 2012-ի ժամանակ Իտալիան լավ ֆուտբոլ է ցուցադրել, նախորդ կազմերից այն ավելի ստեղծագործ խաղ է ցուցադրում, իսկ նրանց մարզիչ Չեզարե Պրանդելին աշխարհի ուժեղագույն մարզիչներից մեկն է։ Ըստ Մինասյանի, ներկայիս Իտալիան շատ վտանգավոր է, և մարզչական շտաբը մեծ ուշադրություն է դարձրել նախորդ խաղերից որոշ դրվագների վրա։ Վարդան Մինասյանի կարծիքով՝ թեպետ շատերը նշում են, որ Իտալիան ավելի շատ պաշտպանողական ֆուտբոլ է ցուցադրում, բայց այն ավելի ճկուն է դարձել, ինչին ականատես ենք եղել Եվրո 2012-ի ժամանակ։ «Իտալացիների դեմ կաշխատենք անել առավելագույնը, միայն լավ խաղով նրանց հաղթել հնարավոր չէ։ Մի փոքր էլ հաջողություն է պետք», – նշել է մարզիչը։
Անդրադառնալով մեր կազմին՝ Մինասյանը շեշտել է, որ կան երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ, նրանցից միայն Կարեն Մուրադյանն է առաջին անգամ հրավիրվում։ Խոսելով վերջինիս մասին՝ Մինասյանն ասել է, որ նա բավականին հեռանկարային ֆուտբոլիստ է․ «Խաղաոճով նման է Կառլեն Մկրտչյանին, հենակետային լավ որակներ ու հեռանկարներ ունի, և ամեն ինչ կախված է իրենից և լավ աշխատանքից»։ Մինասյանը հատուկ շեշտել է, որ հիմնական կազմում անակնկալներ չեն լինելու, իսկ ավագի պարտականությունները կկրի Ռոման Բերեզովսկին։
Լրագրողները հարցրել են, թե արդյոք նպատակարմար չէր, որ ավագի թևկապը կրի մի մարդ, ով շատ լեզուներ գիտի, օրինակ՝ Հենրիխ Մխիթրյանը, ինչին ի պատասխան Վարդանը Մինասյանն ասել է, որ Ռոմանը վաստակել է այդ իրավունքը։
Ըստ Մինասյանի՝ իտալացիների կազմում անհրաժեշտ է զգուշանալ Ջանլուիջի Բուֆոնից և Պիրլոյից։ Իսկ իտալացի լրագրողի այն հարցին, թե արդյոք ամբողջ ուշադրությունը սևեռվելու է Պիրլոյի վրա, Մինասյանն ասել է, որ Պիրլոյին հատուկ ուշադրություն է լինելու, որովհետև բոլոր գրոհները կազմակերպվում են նրա միջոցով։
Վարդան Մինասանից կարծիք են հարցրել երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Իտալիայի հավաքականին բուռն դիմավորած մինչև 200 հայ երկրպագուների մասին։ Նա ասել է, ար այստեղ արտառոց բան չկա, և հայ երկրպագուները միայն այդ 200 հոգին չեն։
Մինասյանը չի զարմանում նաև Իտալիա – Մալթա խաղի 2։0 հաշվից, քանի որ Իտալիան այն թիմն է, որ կխփի այնքան, որքան ցանկանում է․ «Իտալիան այն թիմն է, որ եթե ցանկանա խաղն ավարտել ոչ-ոքի, ուրեմն կավարտի ոչ-ոքի։ Եթե նրան անհրաժեշտ լիներ 3։0 հաշիվը, խաղը կավարտվեր այդ հաշվով»։
Պատասխանելով Հրազդան մարզադաշտի մասին հարցին՝ նա նշել է, որ այստեղ ամեն ինչ կարգին է, այն չի տարբերվում «Հանրապետականից» թե՛ չափերով և թե՛ խոտածածկով։ Թիմն արդեն երկու մարզում է անցկացրել այս խաղադաշտում։
Վերջում Մինասյանն ասել է, որ խաղից առաջ քաջալերելու է թիմին՝ ասելով, որ նրանք խաղում են սեփական երկրպագուների դեմ և ամեն ինչ պետք է անեն հաղթելու համար։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը