Հեյզելի ողբերգության պատճառով չտեղափոխվեցի Լիվերպուլ. Դել Պիերո
«Սիդնեյ» ակումբում հանդես եկող «Յուվենտուսի» նախկին հարձակվող, իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն նշել է, թե կարիերան շարունակելու համար ինչու է ընտրել հենց ավստրալական ակումբը:
«Ես առաջարկներ ունեի ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Թաիլանդից, Կատարից, Իսպանիայից, Անգլիայից, Չինաստանից և Ճապոնիայից: Սակայն ես չէի փնտրում ամենագրավիչ տարբերակը, ինձ հարկավոր էր գտնել այնպիսի վայր, որն ինձ և ընտանիքիս համար իդեալական կլիներ:
Իսկ ինչ վերաբերում է «Լիվերպուլ» տեղափոխվելուն, ապա իսկապես ես առաջարկ էի ստացել այդ ակումբից, սակայն մերժեցի այն «Հեյզելում» տեղի ունեցած ողբերգության պատճառով: Տեղափոխվելով «Լիվերպուլ»` ինձ կհաջողվեր կարգավորել 2 ակումբների հարաբերությունները, սակայն ես գիտակցում էի, որ այդ ողբերգությունը անջնջելիորեն մնացել է շատերի հիշողության մեջ», – Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 1985 թվականի մայիսի 29-ին Բրյուսելի «Հեյզել» մարզադաշտում տեղի է ունեցել ժամանակակից ֆուտբոլի ամենասարսափելի ողբերգություններից մեկը` «Լիվերպուլի» և «Յուվենտուսի» երկրպագուների բախման արդյունքում ստեղծված հրմշտոցի պատճառով 39 մարդ էր մահացել, 600-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը