Բաժիններ՝

Ճարտարագիտական մտքի ցուցադրությունը՝ Պոլիտեխնիկում

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) և National Instruments ընկերության հայաստանյան մասնաճյուղը բացառիկ հնարավորություն են ընձեռում բոլոր նրանց, ովքեր ներկա չեն եղել օրերս տեղի ունեցած DigitecEXPO տեխնոլոգիական ցուցահանդեսին: Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՊՃՀ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից: «Ճարտարագիտության աշխարհ» ցուցահանդեսը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 11-ին,  ժամը 12:00-ին, ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճի շքասրահում:

 

Ցուցահանդեսի նպատակն է՝ ուսանողությանն ու լայն հասարակությանը ներկայացնել Հայաստանի ՏՏ ոլորտի նորարարությունները և նորագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև՝ ճարտարագիտական համալսարանի ուսանողների, ասպիրանտների, շրջանավարտների և ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտների նորարարական նախագծերը, մշակած տեխնոլոգիաները և ռոբոտները:

«Ճարտարագիտության աշխարհ» ցուցահանդեսի կազմակերպումը բուհում նաև հիանալի միջոց է՝ խրախուսելու հատկապես ՀՊՃՀ առաջին կուրսեցիներին` իրենց ուսմանը զուգահեռ՝ զբաղվելու նորարարությամբ, հետաքրքիր և նոր գաղափարների իրականացմամբ, ճարտարագիտական հմտությունների ձևավորմամբ:

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի երկու օր` հոկտեմբերի 11-ին և 12-ին,  ժամը 12:00-17:00-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս