Բաժիններ՝

Ասսանժը դատի կտա Ավստրալիայի վարչապետին

«WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդին: Ասսանժի խոսքով, նման քայլի պատճառն այն է, որ Գիլլարդը դեռ երկու տարի առաջ սուտ հայտարարություն  էր արել։

Ասսանժն արդեն վարձել է փաստաբան՝ հայցի նախապատրաստական հիմքերն ուսումնասիրելու համար: Նա մտադիր է հասնել մեղադրական որոշման վարչապետի նկատմամբ: Պատճառը Գիլլարդի հայտարարությունն էր. նա հայտարարել է, որ դիվանագիտական հաղորդագրությունների հրատարակումն ապօրինի է, իսկ Ասսանժի գործողությունները՝ ծայրահեղ անպատասխանատու:

Այս հայտարարությունից հետո ավստրալական Mastercard-ը հրաժարվել էր իր համակարգի միջոցով «WikiLeaks»-ի հաշվին գումարներ փոխանցել: Ասսանժի խոսքով,  այդ ամենն «ուղղակիորեն ազդել են կայքի կենսագործունեության վրա»: Ասսանժն այդ երկու իրադարձությունները կապում է իրար, ենթադրելով, որ Գիլլարդի խոսքերը խոչընդոտել են կազմակերպությանը միջոցների փոխանցումներին։

Ներկա պահին Ասսանժը գտնվում է Լոնդոնում, Էկվադորի դեսպանատանը։ Եթե նա լքի այդ տարածքը, ապա կարող է ձերբակալվել Բրիտանական ոստիկանության կողմից և փոխանցվել Շվեդիայի իշխանություններին: Բրիտանիան այս պահին դիտարկում է Էկվադորի դեսպանատունն իր դիվանագիտական կարգավիճակից զրկելու հնարավորությունը, պատճառաբանելով, որ այն պաշտպանում է հանցագործին և ոչ թե զբաղվում է իր հիմնական պարտականություններով:

Եթե Ասսանժը ձերբակալվի, ապա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ կտեղափոխվի Շվեդիա, որտեղից էլ, հավանաբար, կփոխանցվի ԱՄՆ, որի հեղինակությունն առավել շատ է տուժել «WikiLeaks»-ի ջախջախիչ հրապարակումների արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս