Լիոնել Մեսսի – Կրիշտանո Ռոնալդու` 2:2. 222-րդ Էլ Կլասիկո կոչված ներկայացումը կայացած է
222-րդ Էլ Կլասիկո կոչված ներկայացումը կայացած է: Այսօր Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում Իսպանիայի բոլոր ժամանակների ուժեղագույն ակումբներ «Բարսելոնան» և «Ռեալը» միմյանց հանդիպեցին 222-րդ անգամ:
Ամբողջ հանդիպումն անցավ լարված, դիտարժան ու հավասար պայքարում, թեև կատալոնացիները տարածքային առավելություն ունեին: Երկու թիմերի կազմերում էլ որոշիչ դեր խաղացին առաջատարները: Ամեն ինչ սկսվեց 23-րդ րոպեին, երբ Ռոնալդուն գրոհի ձախ եզրում ստացավ գնդակն ու գրավեց Վալդեսի դարպասի մոտակա անկյունը, «Բարսելոնայի» դարպասապահի մեղքն ակնհայտ էր: 8 րոպե անց Մեսսին բոլորից շուտ կողմնորոշվեց մադրիդցիների տուգանային հրապարակում և հավասարեցրեց հաշիվը:
Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց և խաղադաշտում կրկին հավասար պայքար էր ընթանում երկուստեք սուր գրոհներով: Հաջորդ գոլը գրանցվեց 61-րդ րոպեին: Լեո Մեսսին գերազանց իրացրեց տուգանային հարվածը, Իկեր Կասիլյասն անզոր էր: Այս անգամ պատասխանելու հերթը Ռոնալդուինն էր և 66-րդ րոպեին Կրիշտիանոն, միայնակ մնալով Վալդեսի առջև, տվեց իր պատասխանը` 2:2:
Այս հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակի մասին խոսելն անիմաստ է թվում, սակայն նշենք, որ «Բարսելոնան» վաստակած 19 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել այն, իսկ «Ռեալը» 11 միավորով 5-րդն է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը