Փախել է հյուսիսից հարավ
Ինչպես գրում է BBC-ն, երկու սպայի սպանած հյուսիսկորեացի զինվորը փախել է Հարավային Կորեա։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնյայի խոսքերով, փախուստը տեղի է ունեցել շաբաթ օրը կեսօրին՝ ապառազմականացված գոտու արևմտյան մասում։
Փախուստի դիմած զինվորը խոստովանել է, որ մարտական հերթապահության ժամանակ գնդակահարել է դասակի և վաշտի հրամանատարներին։ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ լսվել է 6 կրակոց, որից հետո տեսել են սահմանային գիծը վազելով անցնող զինվորին։
Համոզվելուց հետո, որ զինվորը փախչում է իրենց մոտ, նրան տեղափոխել են անվտանգ տարածք և այժմ հարցաքննում են։
Մինչդեռ Հյուսիսային Կորեայի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն երկու զոհերի մասին չի եղել։
BBC-ի թղթակցի խոսքերով, ցամաքային ճանապարհով դասալքության դեպքեր շատ հազվադեպ են լինում, քանի որ ապառազմականացված գոտին խիտ ականապատված է և հսկվում է շուրջ 1 միլիոն զինվորների կողմից։ Մինչև այժմ Հյուսիսային Կորեայից փախուստի վերջին դեպքն արձանագրվել էր 2010 թվականին։