Վիկ Դարչինյանին պարտվելուց հետո աշխարհի չեմպիոն դառնալու ավելի մեծ ցանկություն ունեմ. Դել Վալե
Արդեն տեղեկացրել ենք, որ թեթևագույն քաշային կարգում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը սեպտեմբերի 30-ին պարտության է մատնել Օրլանդո դել Վալեին և նվաճել NABF տարբերակով չեմպիոնական գոտին: Պուերտորիկացին առաջին հարցազրույցն է տվել պրոֆեսիոնալ ռինգում առաջին պարտությունը կրելուց հետո:
Հիշեցնենք, որ թե՛ բուքմեյքերները, թե՛ բազմաթիվ վերլուծաբաններ այդ մարտում ֆավորիտ էին համարում Օրլանդո դել Վալեին, իսկ Վիկ Դարչինյանը հաղթանակից հետո հայտարարեց, որ այլևս նման թույլ բռնցքամարտիկների հետ մենամարտելու ցանկություն չունի:
Boxingscene-ին տված հարցազրույցում պուերտորիկացին նշել է, որ պարտությունից հետո իր մեջ չի մարել աշխարհի չեմպիոն դառնալու ցանկությունը:
«Ես տխուր եմ, սակայն գիտեմ ինչ անել հետագայում: Այժմ ավելի շատ եմ ցանկանում աշխարհի չեմպիոն դառնալ: Շնորհակալ եմ երկրպագուներիս և թիմիս, բոլոր նրանց, ովքեր չլքեցին ինձ պարտությունից հետո: Շնորհակալ եմ»,- հայտարարել է բռնցքամարտիկը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը