Բաժիններ՝

ՄՏՍ-ն ու «Վիմպելկոմը» տուգանվել են iPhone-ի վաճառքի դավադիր համաձայնության համար

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ)  որոշել է տուգանել բջջային օպերատորներ ՄՏՍ-ին և «Վիմպելկոմին»՝  iPhone-ի վաճառքի հարցում դավադիր համաձայնության գալու համար։ ՄՏՍ-ի և «Վիմպելկոմի» տուգանքները կազմել են համապատասխանաբար՝ 16 և 18 միլիոն ռուբլի։

ԴՀԾ-ն  այս ընկերություններին սկսեց կասկածել նախորդ տարվա հոկտեմբերին։ Նրանք Ռուսաստան էին ներմուծել iPhone 4 հեռախոսներ և վաճառում էին նույն գնով, այն դեպքում, երբ արտադրող Apple ընկերությունը գնային քաղաքականության գծով ուղղորդում չէր կատարել։ Ընկերությունները հեռախոսների գինն անփոփոխ էին թողել 2010թ. աշնանից։

Ծառայությունը որոշել էր, որ բջջային օպերատորները պայմանավորվել են չմրցակցել և համաձայնեցրել են գնային քաղաքականությունն ու վաճառքի ծավալները։ ՄՏՍ-ն ու  «Վիմպելկոմը» հերքում էին՝ նշելով, որ միմյանցից անկախ քաղաքականություն են վարել։ Սակայն ծառայությունը նրանց մեղավոր ճանաչեց։

«Վիմպելկոմ» Apple ընկերության հետ համագործակցության պայմանագիր էր կնքել 2008 թվականին՝ պարտավորվելով վաճառել 1.5 միլիոն հատ iPhone՝ 2 տարվա ընթացքում։ Չկարողանալով ապահովել վաճառքի ծավալները՝ «Վիմպելկոմը» երկարաձգել էր պայմանագիրը ևս 2 տարով։

ՄՏՍ-ը նույնպես Apple ընկերության հետ համագործակցության պայմանագիր էր կնքել 2008 թվականին՝ պարտավորվելով վաճառել  նույնքան iPhone, սակայն՝ 3 տարվա ընթացքում։ 2011թ. վերջին ընկերությունը վաճառել էր պլանավորվածի 28.6%-ը։  Ի դեպ, ԴՀԾ-ից հայտնել են, որ ՄՏՍ-ն արդեն ամբողջությամբ վճարել է տուգանքը։

Ռուսական բջջային օպերատորների «Մեծ եռյակի» մյուս ընկերությունը՝ «Մեգաֆոնը», iPhone-ի վաճառքից հրաժարվել էր դեռևս 2010թ. սեպտեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս