Միլանը Պետերբուրգում հաղթում է Զենիթին. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի չեմպոին «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում 2:3 հաշվով զիջեց Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին» և նվազագույնի հացրեց հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:
Հանդիպման 17-րդ րոպեին «Միլանն» արդեն առջևում էր 2:0 հաշվով: 13-րդ րոպեին Ուրբի Էմանուելսոնն առաջ մղեց Իտալիայի փոխչեմպիոնին, իսկ 4 րոպե անց Ստեֆան Ալ-Շարավին առանձնակի հեշտությամբ ճեղքեց տանտերերի պաշտպանությունն ու գնդակն ուղարկեց Վյաչեսլավ Մալաֆեևի դարպասը:
Լուչանո Սպալետիի սաները միայն առաջին խաղակեսի վերջնամասում կարողացան ուշքի գալ ու մի քանի գրոհ կազմակերպել և 45-րդ րոպեին դրանցից մեկն ավարտվեց գոլով` Հալկը կրճատեց հաշվի տարբերությունը:
Ընդմիջումից արդեն շատ ավելի լավ տեսք ունեին Ռուսաստանի չեմպիոնները: 49-րդ րոպեին Հալքի` անկյունայինից կատարած փոխանցումից հետո Ռոման Շիրոկովը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Խփած գոլից հետո «Զենիթը» շարունակում էր ճնշում գործադրել Քրիստիան Աբիատիի դարպասին, սակայն փորձառու դարպասապահը պարզապես հրաշալի էր խաղում, իսկ Տոմաշ Գուբոչանը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հանդիպման վերջնամասում Սպալետիի սաները ջանք չէին խնայում հաշիվը հավասարեցնելու համար, սակայն նման գերազանց խաղ ցուցադրող Աբիատիի համար այսօր 3 գոլ ընդունելը շատ կլիներ:
Միլանը 3:2 հաշվով շատ կարևոր հաղթանակ տարավ և վաստակած 4 միավորով ժամանակավորապես գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը: Քիչ անց «Մալագան» կհյուրընկալվի «Անդերլեխտին» և հաղթանակի դեպքում կվերադարձնի առաջատարի դերը: Նշենք, որ այս պահին «Մալագան» ունի 3 միավոր, «Անդերլեխտը»` 1, իսկ «Զենիթը» միավոր չունի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը