Շախտյորը Թուրինում ոչ-ոքի խաղաց Յուվենտուսի հետ. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) խաղաց «Յուվենտուսի» հետ և վաստակած 4 միավորով ընթանում է E խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում:
Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին «հանքափորները» և արդեն 6-րդ րոպեին կարող էին բացել հաշիվը, սակայն Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը 3 մետրից չկարողացավ գրավել Ջանլուիջի Բուֆոնի դարպասը: Այդուհանդերձ, 23-րդ րոպեին Միրչա Լուչեսկուի սաներն առաջ անցան հաշվի մեջ, Տեյշեյրան դարձավ գոլի հեղինակ: Թուրինցիներից ընդամենը 2 րոպե պահանջվեց պատասխան գոլը խփելու համար. 25-րդ րոպեին Անդրեա Պիրլոն անկյունայինից գերազանց փոխանցում կատարեց «Շախտյորի» տուգանային հրապարակ ներխուժած Լեոնարդո Բոնուչիին, ով ուժեղ հարվածով գրավեց Պյատովի դարպասի վերին անկյունը: Առաջին խաղակեսի վերջնամասն անցավ հյուրերի առավելությամբ:
Ընդմիջումից հետո արդեն «Յուվենտուսն» էր իր կամքը թելադրում մրցակցին, և թուրինցիները մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն «Շախտյորի» հակագրոհները պակաս վտանգավոր չիէն: Շուտով «հանքափորները» հավասարեցրին խաղը, և 71-րդ րոպեին կրկին Հենրիխ Մխիթարյանը կարող էր առաջ մղել հյուրերին, սակայն մեր կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը փոքր-ինչ շեղ ընթացավ: Հանդիպման վերջնամասում թիմերն ավելի շատ մտածում էին գոլ չընդունելու, ոչ թե` խփելու մասին: Այդուհանդերձ, Հենրիխ Մխիթարյանն 87-րդ րոպեին կրկին կարող էր աչքի ընկնել, բայց նրա գեղեցիկ անցումից հետո հարվածը չստացվեց, իսկ մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Վիլյանի հարվածից հետո միայն դարպասաձողը փրկեց «Յուվենտուսին»:
Այս խմբի մյուս խաղում «Չելսին» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Նորշելանդի» դարպասն ու վաստակած 4 միավորով գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը: «Շախտյորը» նույնքան միավորով 2-րդն է, «Յուվենտուսն» ունի 2 միավոր, «Նորշելանդը» միավոր չունի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը