Սելտիկը Մոսկվայում հաղթում է Սպարտակին. Չեմպիոնների լիգա
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը: Առաջին խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց շոտլանդական «Սելտիկին» և զգալիորեն բարդացրեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:
Խաղը շատ ակտիվ սկսեցին հյուրերը և 13-րդ րոպեին Գերի Հուփերի ջանքերի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Շուտով «Սպարտակը» հավաքվեց, տիրեց նախաձեռնությանն ու առաջին խաղակեսի վերջնամասում հավասարեցրեց հաշիվը, աչքի ընկավ Էմանուել Էմենիկեն (41՛): Ընդմիջումից 3 րոպե անց նույն Էմենիկեն առաջ մղեց մոսկվացիներին:
63-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը խաղադաշտից հեռացրեց «Սպարտակի» պաշտպան Խուան Ինսուրալդեին, վերջինս ընդհատեց մրցակցի շատ վտանգավոր գրոհը: «Սելտիկից» 8 րոպե պահանջվեց թվային առավելությունն իրացնելու համար. 71-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Դմիտրի Կոմբարովը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին Գիորգոս Սամարասը հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այս հաղթանակից հետո «Սելտիկը» վաստակած 4 միավորով ժամանակավորապես գլխավորեց G խմբի մրցաշարային աղյուսակը: Քիչ անց «Բարսելոնան» Լիսաբոնում կփորձի պարտության մատնել «Բենֆիկային» և վերադարձնել առաջատարի դիրքը: Նշենք, որ այս պահին «Բարսելոնան» ունի 3 միավոր, «Բենֆիկան»` 1, իսկ «Սպարտակը» միավոր չունի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը