Իրացվում են պետության սոցիալական երաշխիքները
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել էր փոփոխություններ և լրացումներ, որոնցով կարգավորվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից վարձակալված բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները` փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնող մարմինը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, և այլն։
Գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին` ապաստան հայցողների կեցությունը և կենսապահովման պայմանները հոգալու համար։
Այս տարի նույնպես պետբյուջեի ծախսը նախատեսված էր 30 ապաստան հայցողի հաշվով, սակայն այդ անձանց թիվն ավելացել է, ուստի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։
ՀՀ 2012թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը դրանով իսկ ապահովել է «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին ամրացված գույքի պահպանման և Գառնիի Երկրաֆիզիկայի դիտարանի աշխատողների բնականոն գործունեության ֆինանսավորումը։
2012թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը ևս 18-ով ավելացրել է հանրային պաշտպանների թիվը, ինչի շնորհիվ կբարձրանա քաղաքացիներին ցուցաբերվող իրավաբանական օգնության որակը։