
Կվերականգնվեն հիմնանորոգում պահանջող օբյեկտները

Այսօր կայացած կառավարության հերթական նիստում սահմանվել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների իրականացման և կատարված աշխատանքի ֆինանսավորման կարգը, որի համաձայն 2012 թվականին ավարտին կհասցվի հետևյալ ճանապարհների հիմնանորոգումը. Հ-184, Մ-3-Նորաշեն-Սարչապետ (Նորաշեն-Սարչապետ հատված), Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհ, Վայք քաղաքի Երիտասարդական փողոց, Լոռու մարզի Հարթագյուղի համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհ, Բազմաղբյուր-Ղազարավան- Փարպի ավտոճանապարհ, Հ-290, Մ-5-Լեռնուղի-Այգևան- մ5 ավտոճանապարհ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ ամբողջությամբ կհիմնանորոգվեն Չարենցավանի N6 և Հրազդանի N4 միջնակարգ դպրոցները։
Կառավարությունը Ջերմուկ քաղաքի կամրջի նորոգման նպատակով Վայոց ձորի մարզպետարանին է հատկացրել 137 մլն դրամ, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի ասֆալտապատման աշխատանքի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը, Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող NN25, 26, 33 և 34 շենքերի հարակից տարածքների բարեկարգման և կառուցապատման համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը տրամադրել 15 մլն դրամ։ 59 ընտանիքի համար նախատեսված 4 շենքերի բնակեցումը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերին։