
«Մաքսիմ Հակոբյանը թող իրա համար տներ սարքի»

Քաջարանի ՀՀԿ-ական գյուղապետ Ռաֆիկ Աթայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ Քաջարան գյուղի հարցը շարունակում է առկախ մնալ: Հիշեցնենք, որ Կառավարության 627Ն որոշմամբ` Քաջարան գյուղի տարածքը վարձակալության է տրվել ԶՊՄԿ-ին:
Հարցին, թե արդյո՞ք գյուղի բնակիչները տեղափոխվելու են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) տնօրեն Մաքսիմ Հակոբյանի` Կապանի մսի կոմբինատում կառուցվող տները (ըստ Կապանի բնակիչների` Մ. Հակոբյանը գնել է մսի կոմբինատը, որտեղ այս օրերին շինարարություն է ընթանում), Ռ. Աթայանը պատասխանեց. «Թե ինքը (նկատի ունի Մ. Հակոբյանին:- Մ.Մ.) ի՞նչ ա անում, ինձ հետաքրքիր չի: Մեր գյուղացիներն իրան չեն ասել՝ տուն սարքի, ոչ էլ իրան ենք տեսել: Թող էդ տներն իրա համար սարքի: Մենք իրան ասել ենք՝ տուն սարքի՞: Մենք մինչև վերջ էլ շարունակելու ենք մեր կարծիքին մնալ, որ մեր գյուղը չթողենք»:
Ի դեպ, Ռ. Աթայանը, ով ամիսներ առաջ հայտարարում էր, թե պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ից, մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ շարքերում:
Ավելին, Աթայանի խոսքով, ինքը պատրաստվում է ՀՀ նախագահական ընտրություններից հետո հանդիպել նախագահի հետ: «Նախագահն ինձ խոսք ա տվել, որ ոչ մեկը չի կարա մեր գյուղը քանդի: Ու դա ասել ա ժողովրդի մեջ»,- ավելացրեց Քաջարանի գյուղապետը: