Մենք գիտենք մեր խնդիրները. Գևորգ Ղազարյան
Դոնեցկի «Մետալուրգի» ու Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Գևորգ Ղազարյանը Զապորոժյեի «Մետալուրգի» դեմ խաղից (2։1) հետո կիսվել է տպավորություններով: Հիշեցնենք, որ Գևորգը խփեց իր թիմի առաջին գոլը խաղի 7-րդ րոպեին:
– Նախ և առաջ ասեմ, որ շատ դժվար էր խաղալ +35 աստիճան շոգի պայմաններում: Նման տապին շատ դժվար է խաղալ մեծ արագություններով: Մենք արագ գոլ խփեցինք, ու դա մեզ ուժ տվեց: Երկրորդ կեսում շատ պահեր ունեցանք, որպեսզի էլի գոլեր խփեինք: Բայց կարողացանք խփել միայն մեկ անգամ: Խաղավերջում գոլ բաց թողինք, ինչից հետո տանտերերը սկսեցին ճնշում գործադրել Բանդուրայի դարպասին: Պաշտպանները դիմացան, ու հեռանում ենք այստեղից 3 միավորով: Կարծում եմ՝ այս միավորները շատ կարևոր են մեզ համար, ու հետագայում կկարողանանք ավելի հաջող գործել:
– Գևո՛րգ, ի՞նչն է պատճառը, որ այսքան գոլային պահեր չեք կարողանում օգտագործել:
– Գիտենք, որ այս հարցում դեռ պետք է շատ աշխատենք: Չէ՞ որ երբ գոլ չես խփում, չես կարող հանգիստ խաղալ:
– Ինչու՞ քեզ փոխարինեցին ընդմիջմանը:
– Թող դա գաղտնիք մնա իմ ու գլխավոր մարզչի միջև:
– Մի քանի օր է անցել Յուրի Մաքսիմովի՝ թիմի ղեկը ստանձնելուց: Ի՞նչ ես հասկացել նրա պահանջներից:
– Բաներ կան, որ հասկանալի են, բաներ էլ կան՝ դեռ ոչ: Մեզ բոլորիս ժամանակ է պետք, որ ավելի լավ իմանանք թիմի հնարավորությունները:
– Մետալուրգյան դերբիում հաղթելուց հետո թեթևություն զգու՞մ ես:
– Իհարկե: Մենք փոքր ինչ շտկեցինք իրադրությունը մրցաշարային աղյուսակում: Բայց առջևում կան դեռ շատ կարևոր խաղեր, որոնցից մեկն էլ անցկացնելու ենք Լվովում: Մենք հիմա մեզ արժանի տեղում չենք գտնվում:
Հարցազրույցը՝ «Մետալուրգի» պաշտոնական կայքի:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը