«Բերեք ընտրությունները չկապենք անձնական բիզնեսի հետ»
168.am-ին ասել է Սիսիանի գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աղասի Հակոբջանյանը, ով սեպտեմբերի 9-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը:
– Սիսիանի բնակիչների փոխանցմամբ` օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն այցելել էր Սիսիան, որտեղ շատ ջերմ հանդիպում էր ունեցել Ձեզ հետ: Եվ դա՝ այն պարագայում, երբ նա մայիսի սկզբին, ըստ Սիսիանի բնակիչների, ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր, թե Սիսիանը «կազատի» քաղաքապետ Հակոբջանյանից: Հիմա ինչո՞վ է պայմանավորված այդ մերձեցումը: Այժմ մարզպետը պաշտպանո՞ւմ է Ձեր թեկնածությունը:
– Հիմա ինչպե՞ս պետք է ասեմ` օֆիցիալ հայտարարությա՞մբ, հավաքե՞մ, թե՞ ոնց: Դուք ո՞նց եք տեսնում դա: Դուք դա ո՞նց եք պատկերացնում` պաշտպանել մարզպետին, դա պետք է պաշտպանի ժողովուրդը, ինձ թվում ա: Դուք այնպես եք ասում, հիմնավորված փաստեր եք փաստարկում: Ես նման հայտարարություններ չեմ լսել, թող բնակիչը ներկայանա: Նման հայտարարություններ` թշնամանք, եսիմ, գրկախառնվել, թևանցուկ` ես որևէ նման բան չեմ լսել, ինչի՞ մասին է խոսքը: Մեր աշխատանքային հարաբերությունները զուտ պաշտոնական, ջերմ և աշխատանքային են: Այդ խոսակցությունները մտացածին են, լրիվ անիմաստ են, հերթական անգամ Սիսիանում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար են: Առայժմ ընտրությունների համար խոսք անգամ չկա, չի էլ կարող լինել:
– Խորհրդարանական ընտրություններին մարզպետի առաջադրած թեկնածուն` Հայկ Գևորգյանը, ամենաքիչ քվեները ստացավ Սիսիանում: Ինչո՞վ եք պայմանավորում դա:
– Խանգարող հանգամանք չկա Սիսիանում, ինչքան ուզում են՝ թող ձայն հավաքեն:
– Իսկ Ձեր` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ լինելու հանգամանքը կուսակցությանն օգնո՞ւմ է ընտրություններին:
– Սիսիանում առավել ևս՝ վերջին ընտրությունը եղել է շատ պարզ, թափանցիկ, առանց ճնշումների: Յուրաքանչյուրն ինչքան ձայն կարողացել է` թե՛ իր թեկնածուի, թե՛ կուսակցության համար, ապահովել է:
– Եվ ի՞նչ ընտրապայքար եք ակնկալում Սիսիանում:
– Արդար և հավասար պայքար:
– Իսկ ո՞ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցն այս ընտրապայքարում:
– Չեմ կարող ասել, որովհետև ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապետում, ոչ մի վերլուծական չեմ կարդացել: Կասեմ, երբ ասուլիս լինի:
– Քաղաքում քիչ չեն դժգոհությունները Ձեր գործունեության վերաբերյալ, օրինակ, բնակիչները նշում են Ձեզ պատկանող հէկ-երի մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ Շաքեի ջրվեժի ջուրն օգտագործում եք Ձեր հէկ-ի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:
– Բերեք ընտրությունները չկապենք անձնական բիզնեսի կամ անձնական շահերի հետ: Եթե դա Ձեզ հետաքրքրում է, մեկ ուրիշ անգամ ես Ձեզ կպատասխանեմ:
– «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աջակցելո՞ւ է Ձեզ ընտրությունների ժամանակ:
– Ո՞նց կարող է «Բարգավաճ Հայաստանն» ինձ չաջակցել, եթե ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Սիսիանի տարածքային կառույցի ղեկավարն եմ: Նախորդ անգամ ինձ պաշտպանել է «Բարգավաճ Հայաստանը», ո՞նց կարող է այս անգամ չպաշտպանի իմ թեկնածությունը, իհա՛րկե պաշտպանելու է՝ շատ մեծ, լայն թափով և հնարավորության բոլոր միջոցներով:
– Այսինքն` Ձեզ աջակցելու է նաև կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյա՞նը:
– Ուրեմն՝ կա կուսակցության տարածքային խորհրդի որոշումն իմ թեկնածությունը առաջադրելու համար, և այդ որոշումն ուղարկվել է նաև Կենտրոնական խորհուրդ, որի ղեկավարն է պարոն Ծառուկյանը, այնպես որ՝ աշխատանքները կլինեն, ինչպես ասում են, սահմանված կարգով, օրենքի շրջանակներում, համաձայնեցված համապատասխան օրենսդրությանը: