Պուտինը կորցրել է կապը իրականության հետ

«Կարծում եմ, եկեղեցին այդ արարքին շատ ավելի հանգիստ կվերաբերվեր, եթե չլիներ աղոթքի տեքստը: Տեքստը հակապուտինյան է: Եկեղեցականներն, ամենայն հավանականությամբ վախեցան կորցնենլ իշխանության հետ մտերմությունը: Այնպես, որ անշուշտ, մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ»,- Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում` անդրադառնալով Pussy Riot խմբի անդամների դատավարությանը, ասել է ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին: Նա նաև հայտարարել է, թե դատավորն ընդամենը հաստատել է Pussy Riot-ի աղջիկներին դատապարտելու վճիռը, որը կայացվել է դատարանի դահլիճից դուրս` դատախազությունում կամ մեկ այլ իշխանական ատյանում: «Ռուսաստանի ներկայիս դատարանը սովորական բյուրոկրատական հիմնարկ է իշխանության ուղղղահայացում»,- ասել է Խոդորկովսկին: Վերջինս ուղղակի կապ չի տեսնում Pussy Riot-ի աղջիկների նկատմամբ քաղաքական հետապնդման և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին օտարերկրյա լրտեսների հետ նույնացնող օրենքի միջև: Սակայն, նրա կարծիքով, երկու փաստերն էլ հարվածում են իշխանության հեղինակությանը` առնվազն ակտիվ ռուսաստանցիների աչքերում: «Արդյունքում իշխանության և հասրակության միջև խոր անդունդն ավելի է մեծանում: Իշխանությունն ինքն է հրահրում «արաբական գարնան» մեխանիզմը` մարդկանց կանգնեցնելով ընտրության առջև` համակերպվել կամ ապստամբել: Իշխանությունն ինքն է բացառում փոխզիջման հնարավորությունը»,-ասել է Խոդորկովսկին` կարծիք հայտնելով, որ երիտասարդությանը հնարավոր չէ ստիպել համակերպվել այդ իրավիճակի հետ, իսկ ավագ սերունդը կարող է մոռանալ հավասարակշռության մասին` երիտասարդության նկատմամբ բռնաճնշումներին ի պատասխան: «Կարծում եմ, Պուտինն իրականում մտածում է, թե Ռուսաստանի բնակչության մեծ մասն աջակցում է իրեն: Սակայն դա արդեն այդպես չէ: Այն, որ քաղաքացիների մի մասը դեռ այլընտրանք չի տեսնում, աջակցություն չէ, իսկ անտարբերությունը առաջիկայում ևս կանցնի: Պուտինը կորցրել է կապը իրականության հետ: Ըստ ամենայնի, նա նույնիսկ հավատում է, որ մոսկովյան բողոքի ակցիաներն իսկապես վճարված են, իսկ Ուրալի աշխատավորներն անկեղծորեն սատարում են իրեն»,- Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է Միխայիլ Խոդորկովսկին:

Տեսանյութեր

Լրահոս