
Մարդու ուղեղն ունակ է դիմակայել ծերացման գործընթացին

Մարդկային ուղեղը հսկայական պոտենցիալ ունի և ունակ է հավերժ երիտասարդ մնալ, վկայում են գիտական վերջին ուսումնասիրությունները: Այս մասին այսօր հայտնել է Daily Telegraph թերթը:
Ամերիկայի Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ որոշակի պայմանների դեպքում, ներառյալ` առողջ ապրելակերպը, 70 տարեկանից մեծ մարդիկ կարող են նույնքան արագ, նույնիսկ ավելի արագ մտածել ու հիշել, քան 30 տարեկանը:
«Մենք դեռ վատ գիտենք ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները, որը նորանոր անակնկալներ է մատուցում»,- նշել է հետազոտության ղեկավար էմիլի Ռոգալսկին: Նա իր գործընկերների հետ պարզել է, որ ուղեղն ունակ է դիմակայել ծերացման գործընթացին: Ավելին, դրա կատարելագործման գործընթացը չի դադարում, եթե ինտելեկտուալ գործողությունների համար պատասխանատու հիմնական մի շարք հատվածներ շարունակում են ակտիվորեն զարգանալ:
Հենց դրանով են հետազոտության հեղինակները բացատրում այն, որ շատ դեպքերում տարեց մարդու գլխուղեղն ունակ է ավելի էֆեկտիվ և անսխալ գործել, քան 30 տարեկանինը:
Գիտնականները դեռ չեն կարող ճշգրիտ պատասխանել հարցին, թե հատկապես ինչն է ապահովում ուղեղի «հավերժ երիտասարդությունը»: Նրանք վստահ են, որ դա մեծապես կախված է ժառանգականությունից, գենային կազմի առանձնահատկություններից, առողջ ապրելակերպից և ակտիվ գործունեությունից: