Կարեն Մուրադյան. Թեկուզ 10 հոգով, Ուելսը պայքարեց մինչև վերջ
Եվրոպայի 2013թ. առաջնության` Ուելսի հետ արտագնա հանդիպմանը (0:1) «Շիրակի» 19-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը նորամուտը նշեց Հայաստանի Մ21 հավաքականում: SportArmenia-ն զրուցել է երիտասարդ ֆուտբոլիստի հետ:
-Կարեն, դեբյուտային խաղ, հաղթանակ… Ինչպիսի՞ տպավորություններով ես վերադարձել:
-Անչափ ուրախ եմ, որ մարզիչներն ինձ վստահեցին ու նման կարևոր խաղում ես նշեցի նորամուտս: Արեցի առավելագույնը` թիմիս օգտակար լինելու համար: Ամենից կարևորն այն է, որ հաղթեցինք ու շարունակում ենք պայքարը:
-Մրցակցի մասին ի՞նչ կասես:
-Ուելսն ուժեղ մրցակից էր: Նրանք նույնպես խաղում էին միայն հաղթանակի համար, թեկուզ 10 հոգով, արժանի դիմակայություն ցույց տվեցին ու պայքարեցին մինչև վերջ:
-Եթե չլիներ հեռացումն ու 11 մետրանոցը, ի՞նչ ընթացք կարող էր խաղը ստանալ:
-Այդ հարցին դժվարանում եմ պատասխանել: Միանշանակ չի կարելի ասել, խաղը տարբեր ընթացք կարող էր ստանալ: Բայց պետք է նշեմ, որ մենք բավականին ակտիվ էինք մեկնարկել ու հենց դրա արդյունքում էլ վաստակեցինք 11 մետրանոցի իրավունք:
-Խմբից կարո՞ղ ենք դուրս գալ:
-Մեզ միայն մեկ խաղ է մնացել անցկացնել` Մոնտենեգրոյի դեմ: Այս մրցավեճում մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ, որի դեպքում էլ կկարողանանք դուրս գալ խմբից:
-Իսկ մինչ այդ կարևոր հանդիպումներ են սպասվում Բարձրագույն խմբում, վերադառնալուց հետո արդեն մարզվել ես ակումբի հետ…
-Ճիշտ է, առավոտյան հասցրեցի արդեն մեկ պարապմունք անցկացնել թիմի հետ: Ասեմ, որ շատ լուրջ ենք պատրաստվում առաջնության առաջիկա խաղին: Բարդ հանդիպում է սպասվում «Փյունիկի» դեմ: Բայց ես հավատում եմ, որ մենք երեք միավոր կվաստակենք:
Զրուցեց Անուշ Անանյանը
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը