«Ախր ես ի՞նչ իմանամ՝ ինչո՞ւ են այդ օրենքն ընդունել»
168.am-ը այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին խնդրեց մեկնաբանել` հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքը, որով նախատեսվում է Հայաստանից դուրս 6 ամսից ավելի բնակվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառել տուգանք:
Գ. Եգանյանին տեղեկացրեցինք, որ մեր խմբագրությունն արդեն բազմաթիվ նամակներ և ահազանգեր է ստանում օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիներից, ովքեր պատրաստվում են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Մեր հարցին, թե՝ կհայտնե՞ք Ձեր դիրքորոշումն այս օրենքի վերաբերյալ, արդյո՞ք ազգային անվտանգության հարց չի առաջանում, մանավանդ, երբ տարբեր երկրների հայ համայքներ պատրաստվում են բոյկոտել և հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, Գ. Եգանյանը պատասխանեց. «Դուք ընդունեք իմ բարի խորհուրդը և դիմեք այդ օրենքը մշակողներին»: Մեր դիտարկմանը, թե «Շնորհակալ եմ խորհրդի համար, բայց ցանկանում ենք լսել Ձեր կարծիքը, քանի որ հազարավոր հայեր պաատրաստվում են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից», Գագիկ Եգանյանն այսպես պատասխանեց. «Օրենքի հեղինակներին այդ հարցն ուղղեք, ախր ես ի՞նչ իմանամ՝ ինչո՞ւ են այդ օրենքն ընդունել, էնտեղ իրենք նրբություններ են հաշվի առել: Եթե օրենքն ընդունել են, ուրեմն` պետք է կատարել»:
Մեր հարցին, այնուամենայնիվ, այս օրենքի վերաբերյալ Դուք սեփական դիրքորոշում չունե՞ք, Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Դիմեք օրենքը մշակողներին»: