Կիևում բնակվող հայերը կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքը Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների մոտ վրդովմունք է առաջացրել:
Հիշեցնենք, որ ըստ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 3000 դրամ):
Այսօր 168.am-ին են դիմել Կիևում բնակվող հայ քաղաքացիներ, ովքեր, արտահայտելով իրենց դժգոհությունն այս նոր օրենքի հետ կապված` ՀՀ իշխանություններին կոչ են անում վերանայել «ՀՀ քաղաքացիների դեմ իրականացվող հոգեբանական և նյութական ճնշման այս քայլը»:
Կիևի քաղաքացի Նարինե Բադալյանը, ում ընտանիքը 20 տարուց ավելի բնակվում է այնտեղ, մեզ հետ զրույցում ասաց. «Ծնողներս Հայաստանից 20 տարի առաջ մեկնել են, քանի որ այստեղ հնարավոր չէր գոյատևել, վատ տարիներն էին, և այդ քայլը ստիպված են կատարել, որպեսզի իրենց երկու մանկահասակ երեխաներին կարողանան խնամել: Հայրս ՀՀ քաղաքացի է, ով, ուղիղ 20 տարի, մեծ դժվարությամբ է կարողացել հաստատվել այդ երկրում: Հիմա նա այնքան վիրավորված է, որ պատրաստ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Մեր ազգականների մեծ մասն այդ երկրում են ապրում, ովքեր այս լուրը շատ ծանր տարան և միանշանակ կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից»:
Ն. Բադալյանը տեղեկացնում է, որ Կիևի հայ համայնքն, այնուամենայնիվ, բոյկոտելու է այս օրենքի դեմ՝ նույնիսկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու գնով:
«Հարցն այդ 3000 դրամը չէ, հարցն այն է, որ մենք, առանց այդ էլ, օտարության մեջ մեծ դժվարությամբ ենք ապրում` մշտապես հայրենիքի փնտրտուքով: Ծնողներս երազում են Հայաստանում ապրելու մասին, բայց, փաստորեն, ՀՀ իշխանություններն առայսօր ամեն ինչ անում են՝ հայերին հայրենիքից դուրս քշելու համար: Զարմանալին այն է, որ Կիևում դու քեզ ավելի ազատ ու լիարժեք մարդ ես զգում, որովհետև քեզ փաստաթղթերի ու գրանցման ամեն օր ծնվող օրենքներով չեն զզվեցնում: Քաղաքացիություն տալիս են, հնարավորությունները տալիս են, եթե երեխա ես ունենում՝ պետությունը քեզ հսկայական գումար և արտոնյալ պայմաններ է տալիս, իսկ ՀՀ քաղաքացիության համար անգամ օտար երկրում են քեզ հետապնդում: Հասկանո՞ւմ եք, այլևս հնարավոր չէ հանդուրժել ամեն օր ի հայտ եկող մի աբսուրդ ու որպես ՀՀ քաղաքացի՝ մեր իրավունքները ոտնահարող այս թյուրիմացություն օրենքները»,- զայրացած մեզ ահազանգում են մեր հայրենակիցները` կրկին անգամ շեշտելով, որ, եթե ՀՀ իշխանությունները չվերանայեն օրենքի այս պահանջը, հազարավոր ՀՀ քաղաքացիներ հրաժարվելու են քաղաքացիությունից:
«Միայն մեկ բան է անհասկանալի: Առանց այդ էլ Հայաստանում մարդ չի մնացել, կարելի՞ է ամեն հնարավոր ձևերով ժողովրդին այնքան զզվեցնել, որ մնացած այդ փոքրաթիվ բնակչությունն էլ արտագաղթի: Ո՞րն է միտումը… Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ժողովուրդը Հայաստանում ապրելու հնարավորություն չունենա, մարդիկ իրենց կեցությունն ապահովելու համար մեկնում են օտար երկրներ, ու հիմա էլ օտար երկրներո՞ւմ են հայերի իրավունքների վրայով անցնում: Մի քանի տարի հետո Հայաստանում ապրելու են միայն պետական պաշտոն ու բիզնես ունեցողները»: